Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովը ղեկավարել վարչապետի մակարդակով, համաձայնել են. Բայրամով

Մանրամասներ

1

Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ ապրիլի 6-ին կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ ստեղծվելու է սահմանների սահմանազատման հարցերով հանձնաժողով։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ.«Կարող եմ նշել, որ մինչ հանդիպումը կայացել է երկու հեռախոսազրույց իմ և Հայաստանի արտգործնախարարի միջև, որոնց ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանի առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը ղեկավարելու է հանձնաժողովը, լինի վարչապետի մակարդակով։ 

Դեռևս առաջին հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը դա ըմբռնումով ընդունեց՝ ասելով, որ այս առաջարկը Հայաստանում քննարկելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Այնուհետև հայկական կողմը հայտարարեց, որ այս առաջարկն իրենց համար ընդունելի է։

Կողմերի միջև հանձնաժողովի կազմի վերաբերյալ պայմանավորվածություն կա: Ադրբեջանական կողմն արդեն պատրաստ էր այս հանդիպումն անցկացնել ապրիլին։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կավարտի իր ընթացակարգերը, հանդիպումը կարող է կայանալ»,- հավելել է նախարարը։