Ֆրանսիայի նախկին վարչապետը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջը խորհրդարանում աշխատանքի տեղավորելու գործով

Մանրամասներ

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, կնոջը ֆիկտիվ աշխատանքի տեղավորման դատական գործի շրջանակում, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որից մեկ տարին պետք է անցկացնի բանտում: 

Ֆիյոնի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, կրկին նույն գործով դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման, գրում է ՏԱՍՍ-ը:

Ֆիյոնի շուրջ սկանդալը սկսել է 2017 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Le Canard enchaîné շաբաթաթերթը գրել էր, որ նախկին վարչապետի և նախագահի թեկնածուի կինն ութ տարի վարձատրվել է որպես պատգամավորի օգնական՝ առանց որևէ աշխատանք կատարելու։

Ի սկզբանե Պենելոպա Ֆիյոնին այս պաշտոնում նշանակել էր հենց քաղաքական գործիչը՝ լինելով Ազգային ժողովի (հանրապետության խորհրդարանի ստորին պալատի) պատգամավոր։ Այն բանից հետո, երբ Ֆիյոնը նշանակվեց վարչապետ, նրա կինը վերագրանցվեց որպես նրա իրավահաջորդի՝ Մարկ Ժուլոյի օգնական։ 2021 թվականի հունիսին Փարիզի դատարանը Ֆիյոնին մեղավոր է ճանաչել այս գործում՝ նրան դատապարտելով հինգ տարվա ազատազրկման, որից երկուսը նա պետք է անցկացներ բանտում։ Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Փարիզի վերաքննիչ դատարանը սկսել էր քննել նախկին վարչապետի և նրա կնոջ բողոքն այս գործով և այժմ հրապարակել է վճիռը։