Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը․ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Մանրամասներ

1

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Ուղերձում նշված է.

«Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է:

Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ:

Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար:

Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ:

Նրանք հաղթեցին 30 տարի առաջ՝ հայկական պատմական Շուշին ազատագրելով:

Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Մեծ Հայրենականում:

Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով:

Որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի և Արցախի:

Մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը:

Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի»: