Կարմիրբերետավորները ուժով հեռացրին նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Մանրամասներ

1

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ժամանակ, Հաղթանակի կամրջի մոտ, կարմիր բերետավորները սկսեցին ազատել փողոցը եւ բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ի թիվս այլոց, հավաքի վայրից ուժ կիրառելով հեռացրին նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երբ երթը Մաշտոցի պողոտայից հասավ Հաղթանակի կամրջի մոտ, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց շրջափակել բոլոր ուղղություններով և պարալիզացնել երթևեկությունը։

Ոստիկանությունը հորդորեց  բացել երթևեկությունը, այնուհետև սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։