«Պուտինի հետ հանդիպման բացակայությունը Փաշինյանի համար տագնապի երանգ ունի». «Նեզավիսիմայա գազետա»

ՌԴ նախագահի ազատ ժամանակի «դեֆիցիտը» Հայաստանի վարչապետի համար ամենահաճելի լուրերից չէր

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն անդրադարձել է Հայաստանում «թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը՝ եզրակացնելով, որ Մոսկվան Երևանից հավատարմության՝ վստահություն ներշնչող ապացույցներ է ակնկալում: Հեղինակը նշում է, որ թեև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հերքել է Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածության առկայությունը, այդուհանդերձ՝ կան հստակ պատճառներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերություններն այդքան էլ անամպ չեն և ռուսական կողմը դեռևս բավարար աստիճանի չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին: «Ռուս-հայկական հարաբերություններում վստահության մակարդակի բարձրացմանը չէին կարող նպաստել Ռուսաստանին պատկանող սուբյեկտներում ստուգումները: Պետք չէ նաև մոռանալ ռուսական քաղաքական և բիզնես շրջանակների հետ կապված նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին: Դրանցից ամենակարևորը 2-րդ նախագահ, Պուտինի ընկեր՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է: Ստեղծված իրավիճակի ֆոնին Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում Պուտինի հետ բանակցությունների բացակայության փաստը տագնապի նշան է: Ուրբաթ օրվա համար Վլադիմիր Պուտինի ազատ ժամանակի «դեֆիցիտը» Նիկոլ Փաշինյանի համար ամենահաճելի լուրերից չէր: Եվ դա Հայաստանում «մեկնաբանվելու» է վարչապետի հասցեին կրկնակի շատ քննադատությամբ»,-եզրափակում է վերլուծաբանը:
Նա նկատում է, որ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ նմանատիպ բողոքներ ունի նաև Երևանը: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանին զենքի մատակարարման շարունակական գործընթացի մասին է: Երևանին անհանգստացնում է նաև գազի գնի թանկացումը, Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը:

Այդ ամենին գումարվել է նաև, ՀՀ իշխանությունների կարծիքով, 2008թ. մարտի 1-ի գործով ռուս հեռուստալրագրողների կողմից «ոչ օբյեկտիվ» վավերագրական ֆիլմի նկարահանումը:
Հիշեցնենք՝ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ. «Որքան ես գիտեմ՝ Պուտինի հետ հանդիպում ծրագրված չէ: Գիտեք, նրանք հաճախ են շփվում և՛ հեռախոսով, և՛ շատ հաճախ հանդիպում են: Ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ, այդ իսկ պատճառով չգիտեմ՝ արդյոք կլինե՞ն փոփոխություններ», - ասել էր Պեսկովը՝ նշելով, որ այդ հարցով մինչ այս պահը հստակ պայմանավորվածություններ երկու կողմերը չեն ունեցել: