Լավրովի խոսքերի պատճառով՝ ՌԴ դեսպան կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Մանրամասներ

1

Իսրայելի ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել Ռուսաստանի դեսպանին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի իտալական հեռուստատեսությանը տված հարցազրույցի պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Mediaset հեռուստաալիքի հաղորդավարը հարցրել է, թե Ուկրաինայի հասցեին հնչող նացիզմի վերաբերյալ մեղադրանքները ինչպես են համապատասխանում այն իրողությանը, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է։ Լավրովն ի պատասխան ասել է.

«Նա (Զելենսկին) հետևյալ փաստարկն է առաջ քաշում. ի՞նչ նացիզմի մասին կարող է խոսք լինել, եթե նա հրեա է։ Կարող եմ սխալվել, բայց Ադոլֆ Հիտլերն էլ հրեական ծագում ուներ։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են: Ինչպես մենք ենք ասում՝ «յուրաքանչյուր ընտանիք իր սև ոչխարն ունի»»:

Լավրովի խոսքերը սկանդալ են առաջացրել Իսրայելում: «ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն աններելի և վրդովեցուցիչ են, այլև զարհուրելի պատմական սխալ: Հրեաներն իրենք իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ: Հրեաներին հակասեմիտիզմի մեջ մեղադրելը հրեաների նկատմամբ ռասիզմի ամենացածր մակարդակն է»,- Twitter-ում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը։