Մինչ օրս հայերին սպառնում են այն բանի համար, որ նրանք հայ են. Ջոնաթան Լաքոտ

Մանրամասներ

1

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվան:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակության օրն է:

«Ո՞վ է հիշելու հայերի կոտորածի մասին» (Հիտլերն իր գեներալներին, 1939 թ. օգոստոսի 22):

«Ես Լռությանը պատմեցի հայ ժողովրդի կոտորածի պատմությունը: Ես ստիպեցի Լռությանն ուշադրություն դարձնել այն բանին, որ չափազանց կարեւոր է այդ մասին բացեիբաց խոսելը: Ես ասում եմ. բոլորը պետք է իմանան այդ մասին: Ինչպե՞ս կարող ենք կանխել նոր կոտորածը, եթե բոլորը պնդեն, որ չգիտեին եւ ոչինչ չկանխեցին, քանի որ չէինք կարող պատկերացնել այդ իրողությունները» (Էդգար Հիլզենրաթ, «Վերջին մտքի հեքիաթը»):

«Ինչո՞ւ են մարդուն պատժում, երբ նա այլ մարդու է սպանում: Ինչո՞ւ մեկ միլիոն մարդու սպանությունն ավելի նվազ հանցագործություն է, քան մեկ մարդու սպանությունը» (Ռաֆայել Լեմկին, Թեհլերյանի դեմ դատավարությունից հետո):

Այս երեք մեջբերումները մտացածին երկխոսություն են ձեւավորում Հիտլերի, գերմանա-հրեական ծագում ունեցող գրող Էդգար Հիլզենրաթի եվ իրավաբան Ռաֆայել Լեմկինի (ծնունդով՝ Լվովից, ով հորինել է «ցեղասպանություն» եզրույթը) միջեւ եւ հիշեցնում են մեզ, որ ցեղասպանությունը նրանց ձեռքի գործն է, ովքեր այն իրագործում են եւ ովքեր այն հերքում են, ովքեր այն անպատիժ են թողնում եւ մոռանում են: Մինչ օրս հայերին սպառնում են այն բանի համար, որ նրանք հայ են: Մինչ օրս ազգերին ցեղասպանություն է սպառնում:

Կանգնե՛ք հիշողության, ճշմարտության եւ արդարության կողքին»,- գրել է Լաքոտը: