Մեզ համար Ուկրաինային անհրաժեշտ սպառազինության մասով տաբու գոյություն չունի. Անալենա Բերբոկ

Իրավիճակ
ա

Գերմանիան ուսումնասիրում է, թե ինչ լրացուցիչ տեխնիկական սպասարկում եւ զինամթերք կպահանջվի հնացած Marder հետեւակի մարտական ​​ավտոմեքենաներին, որպեսզի Ուկրաինան կարողանա օգտագործել դրանք: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Անալենա Բերբոկը, փոխանցում է Reuters-ը։

«Մեզ համար Ուկրաինային անհրաժեշտ զրահամեքենաների եւ այլ զենքի մասով տաբու գոյություն չունի»,- ասել է նա հինգշաբթի իր էստոնացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին:

Ավելի վաղ Bild թերթը կանցլեր Օլաֆ Շոլցին մեղադրել էր տանկերի մատակարարումն արգելափակելու մեջ։

Բերբոկը նշել է, որ առաջնահերթ խնդիրն ապահովելն է, որպեսզի Ուկրաինան հնարավորինս շուտ ստանա հին խորհրդային տեխնիկան, որը նրա զինվորականները կարող են օգտագործել առանց լրացուցիչ պատրաստության։

Նա հավելել է, որ գերմանական զինված ուժերն իրենք են տեխնիկայի պակասի բախվել՝ նշելով, որ Աֆրիկայում գերմանական խաղաղապահ առաքելությունը չունի բավարար անհրաժեշտ ուղղաթիռներ:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք Ուկրաինա գերմանական Leopard տանկ կուղարկվի, նա հայտարարել է, որ ուկրաինական զորքերը պետք է վերապատրաստվեն այդպիսի առաջադեմ կոմպլեկտի օգտագործման համար, եւ որ Բեռլինը կվճարի այդ վերապատրաստման համար: «Մենք մեկ միլիարդ եվրո ենք հատկացնում, քանի որ պետք է մտածենք ոչ միայն առաջիկա օրերի եւ ամիսների, այլ նաեւ հաջորդ տարիների մասին այն համակարգերի համար, որոնք այժմ անհրաժեշտ են  Ուկրաինային պաշտպանության համար, ինչպես նաեւ՝ ազատ Ուկրաինայի համար ապագայում,- ասել է նա։- Մենք գիտենք, որ ամեն օրերը հաշված են»: