Սուրեն Պապիկյանը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին

Մանրամասներ
ա

Ապրիլի 20-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, տեղեկացնում են ՊՆ–ից:

«Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը:

Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ:

Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված բոլոր կրակային   խնդիրները:

Զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ԶՈւ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային միջոցների հնարավորություններին: