Փաշինյանի ելույթը ինքնախոստովական ցուցմունք էր․ Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները հաղորդում են ներկայացրել Դատախազություն

Մանրամասներ
ա

Մենք ակնկալում ենք, որ գործին ընթացք տրվի, և պատժվողներ լինեն։ Ցորի Դ-20 հրետանային զորամասի զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները Գլխավոր դատախազության շենքի դիմաց են՝ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելու նպատակով՝ հիմք ընդունելով Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն արտահայտությունը, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի»։

«Մենք ակնկալում ենք, որ գործին ընթացք տրվի, և պատժվողներ լինեն։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունը արդեն իսկ ինքնախոստովական ցուցմունք էր հանցագործության մասին, որին ընթացք չտալով՝ մենք սխալ կվարվենք մեր երեխաների հանդեպ։ Ամեն ինչ անելու ենք, որ այս դիմումին ընթացք տրվի։ Ակնկալում ենք՝ Նիկոլ Փաշինյանին օրենքով սահմանված կարգով պատժված տեսնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Եթե հանկարծ Դատախազությունը կանխակալ մոտեցում ցուցաբերի, անաչառություն չցուցաբերի մեր գործի վերաբերյալ, տանը չենք նստելու, անձամբ ես պատրաստ եմ գնալ, խնդրել բոլոր կառույցներին՝ բանկերին, բուժհաստատություններին և այլն, գործադուլ սկսել, տեսնեմ այդ պայմաններում ինչպե՞ս ընթացք չեն տալու»,- ասաց նա։

Նախաձեռնությանը միացել է շուրջ 60 ծնող։