ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որպես ցեղասպանություն

Մանրամասներ
ա

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պաշտոնական ճանաչումը որպես ցեղասպանություն երկար ժամանակ կպահանջի, բայց մեծ հավանականությամբ նման որոշում կկայացվի։ Европейская правда-ի փոխանցմամբ, CNN-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

Նա նշում է, որ նախագահ Բայդենը Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն անվանելով խոսել է իր սրտից և այն, ինչ իրենք տեսնում են Ուկրաինայում, կոչվում է ցեղասպանություն:

Սակայն Նուլանդը պարզաբանում է, որ ապացույցների հավաքման գործընթացը երկար ժամանակ կպահանջի, և միայն այդ դեպքում կառավարությունը կկարողանա պաշտոնապես որոշում կայացնել ցեղասպանության վերաբերյալ։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջինն էր արևմտյան առաջնորդներից, ով Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն էր անվանել։ Նա ավելի ուշ բացատրել էր իր դիրքորոշումը և ասել.«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարը, և այդ ապացույցներն ավելանում են»:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է, որ ավելի ու ավելի շատ երկրների ղեկավարներ սկսել են օգտագործել ցեղասպանություն բառը՝ կապված այն ամենի հետ, ինչ անում է Ռուսաստանը Ուկրաինայում», – ասել է Թրյուդոն։

Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն որակել։

«Այսօր զգույշ կլինեմ նման տերմինների հետ, քանի որ այս երկու ժողովուրդները՝ ռուսներն ու ուկրաինացիները, եղբայրներ են»,- հայտարարել է Մակրոնը: