ԵՄ-ն հերքում է, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները պարենային ճգնաժամ են հրահրել։ Այս համատեքստում ռուսական մտացածին տեսակետներին հակազդելու համար ԵՄ-ն փորձում է «պարենային դիվանագիտության» միջոցով լուծել ցորենի եւ պարարտանյութերի գների աճի խնդիրը եւ Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արեւելքում սպասվող դեֆիցիտը:
Ըստ ԵՄ դիվանագետների եւ պաշտոնյաների, պարենային անվտանգության բացակայությունը դժգոհություն է առաջացրել այս տարածաշրջանների խոցելի երկրներում, մինչդեռ Մոսկվան «ճգնաժամը պատկերում էր որպես Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների հետեւանք», ասել է Եվրամիության դիվանագետներից մեկը:
Դիվանագետի խոսքով՝ դա պոտենցիալ վտանգ է ներկայացնում ԵՄ-ի ազդեցության համար, որի դեմ նա ծրագրում է պայքարել ոչ համաչափ միջոցներով։
Նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ ասել է, որ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները պարենային համաշխարհային ճգնաժամի եւ էներգակիրների գների աճի պատճառ են դարձել:
Եգիպտոսը եւ Լիբանանը մեծապես կախված են Ուկրաինայի եւ Ռուսաստանի ցորենից ու պարարտանյութերից: Առաջարկի կրճատումից հետո նրանց գների բարձրացում է սպասվում:
«Մենք չենք կարող տարածաշրջանը կորցնելու ռիսկի դիմել»,- հավելել է եվրոպացի երկրորդ դիվանագետը:
ԵՄ-ն նաեւ ցանկանում է ակտիվացնել դեֆիցիտի հետեւանքները մեղմելու միջազգային ջանքերը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ կհայտարարի նոր նախաձեռնությունների մասին:
ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ ֆրանսիացի դիվանագետները մտածել են առավել աղքատ երկրների համար սննդի բաշխման գլոբալ մեխանիզմ ստեղծելու մասին, մինչդեռ Հունգարիան առաջարկել է խթանել ԵՄ գյուղատնտեսական արտադրությունը՝ փոխելով կլիմայական թիրախները:
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը դիտարկում է պարենի ներմուծման ֆինանսավորումը, հայտարարել են ԵՄ պաշտոնյաները:
Այնուամենայնիվ, ԵՄ արտաքին հարաբերությունների գրասենյակը հայտարարել է, որ պարենային գլոբալ անապահովության շուրջ ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հետ համագործակցությունը «դժվար» է եղել՝ հավելելով, որ ԵՄ-ն մղում է ՊԳԿ-ին արագ գործել:
Բրյուսելը սննդի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի լրատվական արշավները ապատեղեկատվություն է համարում, ասել է առաջին դիվանագետը՝ հավելելով, որ ԵՄ-ն չի սահմանափակում Ռուսաստանի հետ սննդամթերքի առեւտուրը։
0Comments