Ուկրաինայի համար սարսափելի սցենարների վտանգ կա. Պետք է պատրաստ լինենք. Ուկրաինայի ՊՆ

Մանրամասներ
ա

Ռուսական բանակն այսօր կռվում է՝ հիմնվելով մարտական իրավիճակի վրա։ Հակառակորդի հրամանատարությունը ռազմավարություն չունի, պլանավորումը իրավիճակային է: Թշնամուն հետաքրքրում են Ուկրաինայի արևելքն ու հարավը։ Այս մասին, ինչպես նշում է korrespondent.net-ը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Նա նշել է, որ թեև ռազմական գործողությունների տարածքը փոքրացել է, սակայն մարտերի ինտենսիվությունը չի նվազում։ Մալյարի խոսքով՝ այդ տարածքներում իրավիճակը բարդ է:

«Հակառակորդը զորքը դուրս է բերել հյուսիսային շրջաններից՝ վերախմբավորվելու, հանգստանալու և ամրապնդվելու նպատակով»,-ասել է Մալյարը։

Փոխնախարարն ընդգծել է, որ եթե մինչև փետրվարի 24-ը Ռուսաստանի Դաշնությունն ուներ հստակ ռազմավարական ծրագրեր, ապա այժմ այդ պլանավորումը տեղի է ունենում ըստ իրավիճակի՝ «մի քանի օրվա կտրվածքով»։

«Կա ընդհանուր ռազմական հայեցակարգ, բայց ռուսական զորքերի կողմից ձեռնարկված որոշ գործողություններ և Պուտինի ընդունած որոշումները դուրս են գալիս ռազմական տրամաբանությունից, դրանք երբեմն զգացմունքային են, հաճախ՝ իռացիոնալ։ Հետևաբար, այստեղ միանշանակ որևէ բան կանխատեսել հնարավոր չէ։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Ուկրաինայի համար սարսափելի սցենարների վտանգ կա»,- ասել է Մալյարը՝ հավելելով, որ կա նաեւ հակառակորդի քիմիական զենքի կիրառման վտանգ։