Ես էմոցիոնալ մարդ եմ. Հայկ Մարությանի մասին գրառումս էմոցիոնալ պոռթկում էր, ներելու լիմիտը այդտեղ սպառվեց․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
ա

Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ և Հայկ Մարությանի ընդհանուր ընկերներից, հանրությունից, որ իրենք ականատես եղան իմ էմոցիոնալ պոռթկմանը, դա էմոցիոնալ պոռթկում էր և այդտեղ ես ավելի շատ որպես ընկեր էի վիրավորված։ Այս մասին «Ազատություն TV»-ի տաղավարում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին՝ ինչ հարաբերություններ ունի Հայկ Մարությանի հետ և որն էր նրան կոշտ գրառմամբ պատասխանելու պատճառը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես էմոցիոնալ մարդ եմ և եթե կարող եմ մեկին կարեկցել, օգնել, մի տեղ էլ զայրանալ, ապա կարող եմ շատ ծանր տանել այն, որ իմ ընկերը, ում հետ ես ճանապարհ եմ անցել, որին շատ բաներ ներել եմ և որի հետ ընդամենը 10 օր առաջ խոսել էի որպես ընկեր, իր հեռանալուց փորձում է ամեն ինչ մի կողմ դնել և շահարկել ինձ, իմ անունը։ Անկեղծ ասած ներելու և անտեսելու լիմիտը այդտեղ սպառվեց և գտա, որ այդ բաները պետք է ասեմ։ Նորից եմ ասում ցավում եմ, ընդունում եմ, որ էմոցիոնալ էի։ Այս ընթացքում ես իր հետ չեմ փշվել, իրեն ու իր ընտանիքին միայն լավն եմ ցանկանում, թող շարունակի իր գործունեությունը, իր մոտ դա կարծում եմ ավելի լավ կստացվի և չեմ ցանկանում այլևս իր մասին խոսել։ Ներել-չներելու հարց չկա, իր հետ կապված բոլոր խնդիրների ժամանակ միշտ առաջինն եմ եղել իր հետ կապված հարվածը իմ վրա վերցնելու, ինչո՞ւ էր պետք այդ օրը իմ մասին խոսել»,- ասաց Սիմոնյանը։