Ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ` չնայած ինձ ամեն օր սպառնում են սպանել. Ալեն Սիմոնյան

Մանրամասներ
ա

Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում և այդ մեքենան չարժե 200․000 դոլար, արժե ավելի քիչ։ Այս մասին «Ազատություն TV»-ի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ բյուջեից թանկարժեք մեքենա գնելու վերաբերյալ հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ծուռ հայելիների աշխարհում ապրելը և իմ անվան հետ կապված շահարկումները, որը հիմա մոդայիկ են դարձել, ինչ-որ պահի պետք է դադարեն։ Այն ամենը, ինչ ես լսում եմ իմ մասին, մեր ընկերական շրջապատում արդեն բազմաթիվ կատակների թեմա է դարձել։ Ինչ-որ մի տեղ ես շենք եմ կառուցում և բոլորը վստահ են, որ դա իմ շենքն է, մի տեղ ես ինչ-որ բան եմ հովանավորում։ Այս ամեն ինչը կապ չունի իրականության հետ։ Դա իմ ընտրությունը չէ․ ես ինձ մեքենա չեմ գնում, ես մեքենա չեմ վարում, այդ հնարավորությունը չունեմ և հաճախ այդ որոշումների հետ որևէ կապ չունեմ։

Կան չափանիշներ, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցելիս, դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ինձ երեք մեքենա չի սպասարկում և չի ուղեկցում, պետությունը ունի որոշակի արարողակարգեր, ես փորձում եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից, ինչը օրենքը մեզ չի արգելում։ Ինձ սպասարկող մեքենան զրահապատ չէ, եթե լիներ զրահապատ, մեքենայի գինը կլիներ մոտ 550․000 դոլար, նախկինում դրանք եղել են զրահապատ, ես հրաժարվել զրահապատի գաղափարից։ Դա խնայողությունն է, որը ԱԺ–ն խնայել է և օգտագործել այլ՝ իր համար նախատեսված ծախսերի համար»,-ասաց նա։

Սիմոնյանն ասաց, որ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը, իր ազատությունը սահմանափակվել է, ինքը ցանկանում է հեծանիվ վարել, բայց չի կարողանում, մեկ անգամ փորձել է, և տեսել, որ անվտանգության ծառայողները հսկել են և ստիպված է եղել դադարեցնել։

Հարցին, թե բյուջեից հատկացված 54 մլն դրամով ձեռք բերված երեք մեքենան, իրեն սպասարկող մեքենային չե՞ն ուղեկցում, Ալեն Սիմոնյանն ասաց․«Ինձ երեք մեքենա չի ուղեկցում, մեկը ԱԺ–ի համար է, երկուսն՝ անվտանգության աշխատակիցների»։

Դիտարկմանը, թե երկու մեքենան այսինքն իրեն են ուղեկցում, Սիմոնյանն ասաց․«Ուղեկցում են այդ մեքենան, որի մեջ ես եմ, ուղեկցում են, որովհետև չեն կարող չուղեկցել։ Ընթացիկ խնդիրները լուծելու համար ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ և 550․000 դոլարանոց զրահապատ մեքնայից հրաժարվել եմ։ Քանի որ առկա մեքենան շատ ծախսեր էր առաջացնում, որոշեցինք նոր մեքենա գնել։ Այսինքն, եթե նոր մեքենա չգնեինք, դա բյուջեի վրա շատ ավելի թանկ էր նստելու և կստացվեր, որ մենք անիմաստ ծախս ենք անում»,- ասաց ԱԺ նախագահը։