Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների եւ կազմակերպությունների առաջնորդների հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային լինել համագործակցությունը զարգացնելու հարցում: Նրանք համոզմունք են հայտնել, որ արդյունքում լավ հնարավորություններ կստեղծվեն ներդրումային կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարության զարգացման հարցում բարձր է գնահատում Շվեյցարիայի փորձը եւ Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ փոխգործակցությամբ: Իր հերթին, Ուելի Մաուրերն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է այդ ուղղությամբ եւս սերտացնել կապերը Հայաստանի կառավարության հետ:

Նիկոլ Փաշինյանը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ եւս քննարկել է տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:

 Փոլ Կագամեն նշել է, որ տեղյակ է Թումո կենտրոնի հաջողված գործունեության մասին, եւ իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը եւ Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարեւորագույն միջոցառմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը: Փոլ Կագամեն բարձր է գնահատել Երեւանում անցկացված գագաթնաժողովը եւ նշել, որ այն նոր էջ է բացել կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում:

Վարչապետ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատեւ հանդիպումներ է ունեցել նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: