Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության նպատակներից մեկը եղել է Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելը

Մանրամասներ
ա

Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում՝ երկրի քաղաքացիներին միջուկային պատերազմից պաշտպանելու համար, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների դեմ։ Այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Вечерняя Москва»-ն։

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան, մտածելով Ղրիմը վերադարձնելու մասին, հարձակվում է Ռուսաստանի եւ ռուսական Ղրիմի վրա։ Կիրառելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը՝ միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրները պետք է պաշտպանեն Ուկրաինային, կարող էր երրորդ համաշխարհային պատերազմ լինել»,- ասել է նա։

Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը Ռուսաստանի պաշտպանությունն է «նման պատերազմի պոտենցիալ սպառնալիքից», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Մինչ այս Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել էր, որ ռուս զինվորները մոտ ժամանակներս կազատագրեն Մարիուպոլը ուկրաինական ազգային գումարտակներից։ Նա նաեւ հույս էր հայտնել, որ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողությունը շուտով կավարտվի։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ, փոխանցում է MK-ն։

«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը, սակայն նրանց թիվը չի նշել։