Օպերայի տարածքի երկրորդ գոտու ապամոնտաժումից բիզնեսը չի տուժի. Մեսչյան

Այդ սրճարանները երկու մասից են բաղկացած՝ մի մասը, որ հպվում է ցանկապատին, մյուս մասը դուրս է եկել մայթի վրա

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնեց, որ  Օպերայի տարածքի երկրորդ գոտու ապամոնտաժումը քաղաքապետարանի ցանկությունը չէ, երևանցիների պահանջն է:

«Եկեք չմոռանանք, որ այդ հարցի վերաբերյալ երկար տարիներ կային բողոքներ։ Գրեթե բոլոր երևանցիներն անխտիր կուզեին, որ Օպերայի տարածքի ինչ-որ մի մասը վերադարձվեր իր կանաչ համակարգին: Զարմանալի է, որ հիմա, երբ կա հնարավորություն դա անելու, շատ տարօրինակ խոսակցություններ են գնում, որ դեռ ոչինչ չարած քանդում են:  Մի շարք մարդիկ փոխանակ ուրախանալու, շատ տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ապամոնտաժման արդյունքում բիզնեսն առանձնապես չի տուժելու. «Այդ սրճարանները երկու մասից են բաղկացած՝ մի մասը, որ հպվում է ցանկապատին, մյուս մասը դուրս է եկել մայթի վրա։ Մի գոտին վերացնելուց բիզնեսը դրանից չի մահանում, նրանք մնում են այն տարածքում, որտեղից սկսեցին իրենց գործունեությունը, աշխատատեղերի կորուստների վտանգ էլ ես առանձնապես չեմ տեսնում»:

Երևանի գլխավոր ճարտարապետը նկատում է՝ Օպերայի դերասանական մուտքը ծխնելույզ է դարձել. «Եկեք ազնիվ լինենք՝ ո՞ւմ է դուր գալիս, երբ նայում է Մաշտոցի փողոցից դեպի Օպերայի դերասանական մուտքը, այնտեղ արդեն շաուրմայի ծխնելույզ է դրված»:

Նրա կարծիքով՝ սեփականատերերը մեղք չունեն, մեղավոր են նրանք, ովքեր թույլ են տվել. «Բիզնեսը հնարավորության դեպքում կանի ամեն ինչ, այս քաղաքը ժամանակին պետք է ասեր՝ ոչ մի դեպքում»:

Մեսչյանը ժամկետներ չնշեց. «Ժամկետային առումով ոչինչ ասել չեմ կարող, քանի որ խոսքը չի գնում միայն այդ գոտու ապամոնտաժման մասին, խոսքը գնում է ամբողջ հրապարակի վերակառուցման մասին»: