ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։
Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության ապրիլի 7-ի նիստերի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։ ԱԺ–ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից․«. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի մարդատար ամենագնաց ավտոմեքենաներ (3 հատ) մեկ անձից գնման ընթացակարգով»։
«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ վերջերս Ալեն Սիմոնյանը փոխել էր նաև իր նախկին ծառայողական մեքենան, նշում էին, որ անսարք է, այժմ այն հանվել է վաճառքի, և նշվում է, որ մեքենանան խնդիրներ չունի։ Ալեն Սիմոնյանին այժմ սպասարկում է վերջերս բյուջեով ձեռք բերված մեքենա՝ 90 մլն դրամ արժողությամբ։
0Comments