Բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Հանրահավաքում եզրափակիչ քաղաքական հայտարարություն հրապարակվեց

Մանրամասներ
ա

Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում եզրափակիչ քաղաքական հայտարարություն հրապարակվեց։

Հայտարարությունում նշվում է․ «Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական և քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին:

Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետևյալ հիմնարար սկզբունքներով.

– հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,

– բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,

– բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,

– քայլեր ձեռնարկել 1994 թվականի ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձևաչափով և նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,

– բացառել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,

– Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,

– չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,

– Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն: Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով»։