ՆԱՏՕ-ն Շվեդիային ու Ֆինլանդիային կընդունի իր կազմ․ Սպասում ենք դիմումներին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Շվեդիային և Ֆինլանդիային համարում է չեզոք արտոնյալ գործընկերներ
ա

ՆԱՏՕ-ն ուղիներ կգտնի համեմատաբար արագ դաշինքի կազմում ընդունելու Շվեդիային ու Ֆինլանդիային, եթե նրանք ցանկություն հայտնեն միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին։

Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք լավ երկխոսություն ունենք Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական առաջնորդների հետ: Բնականաբար, դա նրանց խնդիրն է, բայց եթե նրանք դիմումներ ներկայացնեն, դրանք կհաստատվեն ՆԱՏՕ-ի բոլոր 30 դաշնակիցների կողմից, մենք ուղիներ կգտնենք դա անելու համար համեմատաբար արագ»,- ասել է նա CNN-ի եթերում։

ՆԱՏՕ-ն Շվեդիային և Ֆինլանդիային համարում է չեզոք արտոնյալ գործընկերներ, և նրանց արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հրավիրված են դաշինքի հանդիպումների մեծամասնությանը: Արտգործնախարարների մակարդակով հաջորդ նման հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում ապրիլի 5-6-ը։

Ֆորմալ կերպով ՆԱՏՕ-ն Ստոկհոլմին և Հելսինկիին կոչ չի անում միանալ իրեն, սակայն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին կից լրատվամիջոցներն ու փորձագիտական կառույցները, ինչպես, օրինակ, Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնը, ակտիվորեն աշխատում են այդ երկրներին դաշինքում ներգրավելու ուղղությամբ։