Դավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է

Մանրամասներ
ա

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։

Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը news.am-ին ասել է, որ դատարանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Սերգեյ Հովհաննիսյանը պատմեց, որ դատական նիստին Դավիթ Տոնոյանն առարկել է դատավորի գործողությունների դեմ, պնդելով, որ քրեական գործով անհարկի ձգձգումներ են տեղի ունենում։ Նա հորդորել է դատարանին՝ հարգել իր ազատության իրավունքը։

Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել է խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով՝ գրավի չափ առաջարկելով 10 մլն ՀՀ դրամը։ Մենք տեղեկացանք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 2-ին։