Մեդինսկին հայտարարել է Ղրիմի ճակատագիրը բանակցություններում որոշելու Կիևի առաջարկի մասին

Մանրամասներ
ա

Ստամբուլում կայացած բանակցություններում ուկրաինական կողմն առաջարկել է Ռուսաստանի հետ պայմանագրի նախագծում ներառել կետ, որում ասվում է, որ Ղրիմի և Սևաստոպոլի խնդիրը կքննարկվի երկկողմ բանակցություններում, իսկ վերջնական որոշումը կկայացնեն երկու երկրների նախագահները:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությանը։

Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստակամություն է հայտնել համաձայնվել երրորդ երկրների միջազգային իրավական երաշխիքների ներքո մշտապես չեզոք պետության կարգավիճակին։

Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները համարել է կառուցողական: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ուկրաինական կողմից ստացել է հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկներ, որոնք կուսումնասիրվեն և կհասցվեն երկրի ղեկավարությանը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, որը ավելի վաղ մասնակցել է Ստամբուլի բանակցություններին, լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը պետք է հաստատվի հանրաքվեով։ Նա հավելել է, որ Կիևն առաջարկում է Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի շուրջ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու դիրքորոշումը որպես համաձայնագրի առանձին կետ ամրագրել։ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքների հարցը, ըստ Պոդոլյակի, առաջարկվել է քննարկել երկու նախագահների բանակցություններում։