ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթաց չեմ տեսնում. ԱՄՆ Պետքարտուղար

Մանրամասներ
ա

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթաց չի տեսնում։

«Ուկրաինացի գործընկերներն իրենք պետք է որոշեն՝ կա՞ որևէ փոփոխություն կամ առաջընթաց։ Այն դեպքում, երբ Ուկրաինան կգա եզրահանգման, որ դրական տեղաշարժ կա, ուրեմն դա լավ է»,-ասել է Բլինկենը՝ Մարոկկոյի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

ԱՄՆ Պետդեպի ղեկավարը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը պատրաստ է մասնակցել Մոսկվայի և Կիևի միջև Ուկրաինայի անվտանգության հարցերով պայմանավորվածությունների կատարմանը։

«Այն դեպքում, երբ ինչ-որ արդյունք լինի և մեր աջակցությունը պետք լինի Ուկրաինային, այդ թվում՝ պաշտպանության ու անվտանգության հարցերով, ապա մենք պատրաստ ենք և հենց դրան էլ ձգտում ենք»,-ասել է ԱՄՆ Պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը որոշ հարցերի շուրջ մոտ են եղել համաձայնության։ Բանակցությունների արդյունքում ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։