Մեզ ոչ ոք չի լսում. Նորվեգիան հրաժարվում է վառելիքով լիցքավորել Պուտինի մերձավոր ռուս օլիգարխի զբոսանավը

Մանրամասներ
ա

Ռուսաստանցի օլիգարխ Վլադիմիր Ստրժալկովսկիին պատկանող շքեղ զբոսանավը ներկայում արգելափակված է մնացել նորվեգական նավահանգստում, քանի որ տեղացիները հրաժարվում են փոխադրամիջոցի լիցքավորման համար վառելիք վաճառել:

Ինչպես գրում է The Guardian-ը, Ragnar կոչվող զբոսանավը գտնվում է Նարվիկ նավահանգստում, քանի որ վառելիքի նորվեգացի մատակարարները դրա անձնակազմին ասել են, որ վառելիք չեն վաճառի՝ զբոսանավի սեփականատիրոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերի պատճառով:

Նավապետ Ռոբ Լանկեսթերը, որը բրիտանացի նախկին թագավորական ծովային է, մեղադրել է Նորվեգիայի իշխանություններին խտրականության համար՝ ասելով, որ զբոսանավի տերը պատժամիջոցների ցանկում չէ, և որ ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա 15 հոգանոց անձնակազմը ռուս չեն: Նա հավելել է, որ զբոսանավը գրանցված է Մալթայում, նավարկում է Մալթայի դրոշի ներքո։

«Բայց մեզ ոչ ոք չի լսում: Մենք պարզապես ցանկանում ենք տուն վերադառնալ», - ասել է նա:

Նավապետը Նորվեգիային մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու համար՝ հայտարարելով, որ ռուսական ձկնորսական նավակները, որոնք, ըստ նրա, ապահովում են Հյուսիսային Նորվեգիայի տնտեսության 20%-ի եկամուտը, «ներկայում կարող են վառելիք գնել և անխոչընդոտ գործել Նորվեգիայի նավահանգիստներում և տարածքային ջրերում»: