Կամավոր ատեստավորմանը մասնակցած 996 ուսուցիչներից 47,6 % ստանում են 30-50 % հավելավճար

Մանրամասներ
ա

2021 թվականին պետության կողմից շուրջ 11 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն կրթության բոլոր աստիճաններում տարբեր խմբերի ավելի քան 24 հազար ուսանողների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի հաշվետվությունում։

2021թ.-ին Կառավարությունը շարունակել է բարեփոխումները կրթության ոլորտում և գործարկվել է հանրակրթական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված նոր՝ կամավոր ատեստավորման ծրագիրը, որի շնորհիվ 996 մասնակիցների 47,6 % ստանում են 30-50 % հավելավճար՝ ապահովելով ուսուցիչների համար մեկ դրույքի հաշվարկով համախառն աշխատավարձի միջինը 45 հազար դրամով աճ: Ինչպես նաև հաստատվել և Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում գործողության մեջ փորձարկվում են հանրակրթության նոր պետական չափորոշիչն ու առարկայական ծրագրերը՝ ներառելով նաև լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը։

2021թ.-ին մեկնարկել է կրթական ծառայությունների տեղորոշման և հասանելի, որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումը Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար։ 2021 թվականին մարզային դպրոցներում բացակա ուսուցիչների խնդիրը լուծելու նպատակով՝ «E-school Armenia» նախագծի շրջանակում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի համաֆինանսավորմամբ, ընտրված 17 մենթոր դպրոցների ուսուցիչները 8 մարզի 48 դպրոցում իրականացրել են 88 առարկայի (654 ժամ) հեռավար դասավանդում: Մարզային դպրոցներում ծրագրի շրջանակում հեռավար դասերին մասնակցել է 2335 աշակերտ:

Կառավարությունը 2021թ.-ին էապես մեծացրել է հանրակրթությանն ուղղված կապիտալ ծախսերը։ Անցած տարի տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 63 դպրոց, և ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել: Այդ նպատակներով պետական բյուջեի հատկացումները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ՝ 2020 թվականի 2,7 մլրդի համեմատ:

Կառավարության ծրագրով մեկնարկել է «300 դպրոց – 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը, որի շրջանակներում միայն 2022թ.-ի ծրագրում ներառված է 73 դպրոց և 10 մանկապարտեզ։ 2021 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել են 27 մանկապարտեզի կառուցման և նորոգման աշխատանքները, որոնցից 4 մանկապարտեզի կառուցման, 3 մանկապարտեզի հիմնանորոգման և 7-ի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2021թ.-ին։

Երևանի քաղաքապետարանն իրականացրել է 8 մանկապարտեզի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ, նախագծվել է ևս 16-ինը։

Տեխնիկական ապահովման մասով 2021թ.-ին.

հանրակրթական հաստատություններում ստեղծվել են ընդհանուր 349 բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, առկա է ինժեներական լաբորատորիայի 942 խումբ,

280 դպրոց ստացել է պրոյեկտոր և դյուրակիր համակարգիչ,

6 բուհերում ստեղծվել են շուրջ 1,2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ գերժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքներ,

գիտական կազմակերպություններին և բուհերին մրցութային հիմունքներով հատկացվել են աննախադեպ մեծ ծավալի` շուրջ 1,3 մլրդ դրամ դրամաշնորհներ գիտական սարքերի ձեռքբերման համար:

2022թ.-ի հունվարի դրությամբ ամբողջ հանրապետությունում հանրակրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթական համակարգին: