ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն Բրյուսելում. CNBC

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները քննարկում են մարտի վերջին արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին Twitter-ում հայտնել է CNBC հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են հաջորդ շաբաթվա վերջին Բրյուսելում արտահերթ հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,- նշել է նա՝ վկայակոչելով մի շարք ամերիկյան և օտարերկրյա աղբյուրներ: Նրանց տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կարող են ժամանել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Միացյալ Նահանգների վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

CNBC-ի լրագրողն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերջնական որոշում առայժմ ընդունված չէ: Երկուշաբթի NBC հեռուստաընկերությունը հայտնել է, որ Բայդենն առաջիկա շաբաթներին կարող է ուղևորություն կատարել Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ իրադրության քննարկման համար: Հաղորդվել է, որ այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը կարող է այցելել Բրյուսել, որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կառավարող մարմինները:

Ավելի ուշ ճեպազրուցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացրել Եվրոպա նախագահի ուղևորության հնարավորության առիթով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի որոշում է կայացրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Դրանից հետո ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական և իրավական անձանց դեմ: