Վրաստանի խանութներում ժամերի ընթացքում սպառվել են շաքարավազի և ձեթի պաշարները

Մանրամասներ
ա

Վերջին օրերին Վրաստանում իրարանցում է։ Երկրի շատ խանութների վաճառասեղաններից ժամերի ընթացքում սպառվեցին շաքարավազի և ձեթի պաշարները։ Քաղաքացիները գնումներ էին անում՝ կարծելով, թե Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին այս մթերքների պակասուրդ կառաջանա Վրաստանում։

Այս թեմայի շուրջ «Ալիք Մեդիան» խոսել է տնտեսական հարցերով վերլուծաբանների հետ։

Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումների հնարավոր խոչընդոտների մասին՝ Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն նկատում է.

«Չեմ կարծում, թե ինչ-որ բան կփոխվի, չնայած կուզենայի, որ ռուսական շուկայից կախվածությունը փոխարինվեր այլ երկրով, բայց ահա մի քանի գործոն՝ Ռուսաստանը աշխարհագրորեն մոտ է, երկու երկրների միջև առևտուրը և տնտեսական հարաբերություններն ավանդական են»։

Ըստ Իսակաձեի՝ ակնհայտ է, եթե Ռուսաստանից հնարավոր չլինի ներկրել, ապա դա կլինի այլ երկրից, սակայն, հավանաբար, այլ գնով։ Իսակաձեի խոսքով՝ այս պահին քաղաքացիների հետ պետք է լինի պատշաճ հաղորդակցություն, քանի որ անորոշության ժամանակ միշտ կա խուճապի վտանգ, ինչը նկատվեց նաև օրերս։

«Այս անգամ խուճապահար գնումները շաքարավազի և հացահատիկի ապրանքախմբերում էին, ավելի վաղ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ զուգարանի թղթի շուրջ»,-ասում է Իսակաձեն։

Նրա խոսքով՝ քաղաքացիների հետ ճիշտ հաղորդակցությունը կարող է որոշ չափով մեղմել խուճապը, բայց ոչ լիովին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատերազմական իրավիճակին.

«Եթե մեր սպառողները իմանային, որ Ուկրաինան և Ռուսաստանը միասին մեզ չեն մատակարարում տարեկան գոնե 1% շաքարավազ, և մենք դա ներկրում ենք հիմնականում Բրազիլիայից և Եվրոպայից, ապա խուճապը ավելի քիչ կլիներ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում