ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենա Արցախ. Լարս Պատրիկ Բերգ

Մանրամասներ
ա

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը աջակցում է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչերին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամ Բերգը հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ:

«Ես լիովին և ամբողջությամբ աջակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարած անկախ կոմիտեին՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության մշակութային ոչնչացման ամբողջական ազդեցությունը։ Հայկական եկեղեցիների, արտեֆակտների, խաչքարերի ավերմանը պետք է շատ ուշադիր նայել: Այս տարածաշրջանում հայկական ժառանգության համակարգված ոչնչացումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ղեկավարվող անկախ հետաքննությունը պետք է մուտք ունենա Արցախ», – հայտարարեց Լարս Պատրիկ Բերգը:

Եվրոպական խորհրդարանը այսօրվա նիստում՝ մարտի 10-ին, երկարատև քննարկումներից և ելույթներից հետո, ընդունել է«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով: