Չինաստանը անդունդն է «հրում» Պուտինին

Մանրամասներ

1

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ հայտարարել է, որ երկրների տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պետք է հարգվեն։ Միաժամանակ, նա ասել է, որ դա չպետք է լինի հարեւան երկրների անվտանգության հաշվին։ Ակնհայտ է թե Ուկրաինային, թե Ռուսաստանին «չնեղացնելու», ավելին՝ Պուտինին ոգեշնչելու ենթատեքստը։

Վան Ին ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններն առաջնահերթություն են Չինաստանի համար։ ԱՄՆ-ն իր հերթին Չինաստանին կոչ է արել ազդել Ռուսաստանի վրա Ուկրաինայի դեմ նրա ագրեսիան կանգնեցնելու նպատակով։

Պատերազմից առաջ Պուտինը մեկնեց Պեկին՝ Չինաստանի «երաշխիքները» ստանալու համար, այդ թվում՝ հեռավորարեւլյան շրջանում իր ռազմական ստորաբաժանումներն ու ավիացիան արեւմտյան ճակատ տեղափոխելու համար։ Ստորագրվեց ռուս-չինական համաամերիկյան ու հակաՆԱՏՕ բովանդակությամբ հռչակագիր, որը ռուսական պրոպագանդան եւ հայաստանյան շատ վերլուծաբաններ գնահատեցին որպես ռուս-չինական դաշինք, աջակցություն Ռուսաստանին, նոր բեւեռի սկիզբ եւ այլն։

Իրականում, Պեկինն այսպիսով լուծեց Չինաստանի դեմ Արեւմուտք-Ռուսաստան հնարավոր դաշինքի հարցը, ինչը ամենաշատն էր մտահոգում նրան։ Ռուս-չինական հռչակագրով եւ Պուտինի Ուկրաինա ներխուժմամբ այս սպառնալիքը չեզոքացվեց։

Չինաստանն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը, եւ նրա ներկայիս պահվածքը շատ փորձագետներ համեմատում են Մաո-Ստալին հարաբերությունների հետ, երբ Մոսկվայից ստանալով հնարավոր ամեն ինչ՝ Չինաստանը շրջվեց դեպի Արեւմուտք։ Չինաստանի ներկայիս տնտեսական նվաճումներն այդ շրջադարձի արդյունք են։

Ներկայում արեւմտյան պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի համար մնացել է մեկ «պատուհան», եւ դա Չինաստանն է, որը «փոխարինելու» է արեւմտյան տեխնոլոգիաները, ինտերնետը, ծրագրային ապահովումը, վճարային համակարգը, կենցաղային ապրանքները եւ այլն։ Այսինքն, ՌԴ-ն հայտնվելու է Չինաստանից լիակատար տնտեսական ու քաղաքական կախման մեջ։ Դրան գումարվում են վասալային էներգետիկ պայմանագրերը եւ այլ հումքի գրեթե անվճար ներկրումները։

Գուցե հնարավոր լիներ դա համարել աջակցություն, իրականում Չինաստանը չի կարող եւ չի ցանկանա լիարժեք փոխարինել այն կորուստները, որոնք ունենալու է Ռուսաստանը։ Բացի այդ, կա մի սահման, որից այն կողմ Չինաստանը չի անցնի, քանի որ շատ մեծ է կախվածությունն ԱՄՆ-ից, չնայած վերջին տասնամյակների տնտեսական ու տեխնոլոգիական նվաճումներին։

Ուկրաինայում դիմակայության եւ պատժամիջոցների շարունակումը Ռուսաստանի համար ստեղծելու են մի իրավիճակ, որն անհամատեղելի է լինելու պետության գոյության հետ։ Չինաստանի տարածքային հավակնությունները Ռուսաստանի հանդեպ հայտնի են, տարածքային խնդիրներում պատմական արդարության ու դենացիֆիկացիայի ռուսական թեզերը՝ հրաշալի նախադեպ, Պուտինը՝ գտածո։

Սկզբնաղբյուր