Հայաստանում խորովածը մեծ բիզնես է․ Forbes-ը խորհուրդ է տալիս «խոհարարական շրջագայություն» կազմակերպել Հայաստանով և Վրաստանով

Հեղինակավոր ամսագրի անդրադարձը
Live24.am-ը ներկայացնում է

1

Հեղինակավոր Forbes հանդեսն ուշագրավ անդրադարձ է արել Հայաստանին ու Վրաստանին՝ կենտրոնանալով հարևան երկրների հետաքրքիր ու համեղ ազգային խոհանոցների վրա:

Հեղինակ Բրենդոն Շուլցի խոսքով՝ երկու արևելաեվրոպական երկրները, որոնք նախկինում ԽՍՀՄ կազմում են եղել ու սահմանակից են Մերձավոր Արևելքին, հարուստ են վեհաշուք բնապատկերներով՝ հրաբուխներից մինչև կիրճեր, կովկասյան լեռների ձնապատ գագաթներից մինչև գեղատեսիլ գյուղեր:

«Տարածաշրջանի պատմությունը բարդ է, բայց միևնույն ժամանակ ոգեշնչող, իսկ երկրների հարուստ խոհանոցային ժառանգությունն օգնում է գլուխ հանել այդ պատմություններից: Բուրումնավետ համեմունքներով, թարմ մթերքներով հայտնի ավանդական հայկական և վրացական կերակուրները տարածաշրջանի մշակույթը հասկանալու հրաշալի մեկնարկ են: Մինչդեռ «խոհարարական շրջագայությունը» կարող է տարածաշրջանը համի տեսանկյունից բացահայտելու լավագույն տարբերակը լինել»,- գրում է հեղինակը:

Հայաստանի մասով հեղինակն առանձնացնում է հայկական բարբեքյուն՝ խորովածը և կոնյակը:

1

«Բարբեքյուն միայն Տեխասի համար չէ: Հայաստանում խորովածը մեծ բիզնես է: Դա լավ համեմված միս է՝ հաճախ խոզի, որը պատրաստվում է ածխի վրա ու մատուցվում ընտանեկան հավաքներին: Հայաստանի ռեստորաններում վայելեք խորովածը՝ տեղի ամենաավանդական ուտեստներից մեկը»,-նշում է հեղինակը:

Մինչդեռ Վրաստանի մասով առանձնացվել են խաչապուրին, գինիներն ու չախոբիլին: