Հայաստանը կարող է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ավտոշուկա

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Նոր չափանիշներ ավտոշուկայում: Նախորդ տարի Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որով նոր կանոններ սահմանվեցին ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար:

Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Վերջերս մենք քննարկումների արդյունքում Կառավարության որոշման նախագիծ ենք պատրաստել:

Նոր կանոններով՝ ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50 000 քառ. մետր, փակ տարածքներինը՝ 1000 քառակուսի մետր, սահմանազատվի ցանկապատով, լինի ասֆալտապատված և գետնանշումներով, ունենա ավտոկանգառ:

Ավտոշուկան պետք է կառուցվի այնպես, որ չառաջացնի խցանումներ, կահավորված լինի տեսախցիկներով և տեղեկատվական ցուցանակներով, տեղակայված լինեն վճարահաշվարկային hամակարգեր, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական, համարանիշեր պատրաստող և այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններ:

Արմեն Սիմոնյան - Ավելի ցիվիլ, 21-րդ դարին ավելի համահունչ ավտոտրանսպորտային միջոցների  առևտուր կազմակերպելու առումով, կարծում ենք, մեծ ավոտշուկաների անհրաժեշտություն կա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը որպես օրինակ նշում է հարևան Վրաստանում միջազգային չափորոշիչներով գործող ավտոշուկան: Իսկ Հայաստանի ամենամեծ՝ մայրաքաղաքի Էրեբունի համայնքում տասնյակ տարիներ գործող ավտոշուկան չի համապատասխանում նշված չափանիշներին: Շուկան Աղավնի Մելիքբեկյանի հիմնական աշխատավայրն է: Տևական ժամանակ մեքենաների առքուվաճառքով է զբաղվում:

Մշտական աղմուկից ու խցանումներից, սակայն, դժգոհ են համայնքի բնակիչները, իսկ քաղաքային իշխանությունները դեռ 2015-ից դիմել են դատարան՝ վարձակալության պայմանագրերը չեղարկելու և հողատարածքի մի մասը համայնքին վերադարձնելու հայցով։ Իսկ ի՞նչ է առաջարկվում որպես այս ավտոշուկային այլընտրանք: Նախարարի տեղակալն ասում է՝ այս պահին դիտարկում են ներդրողների մի քանի առաջարկ:

Դրանցից մեկը գտնվում է Երևանից մոտ 7 կմ հեռավորությամբ գտնվող Մխչյան-Հովտաշատ ճանապարհահատվածի հարակից տարածքում:

Սարգիս Խաչատրյան (ընկերության ներկայացուցիչ) - Շուկան համալրված է լինելու բոլոր ծառայություններով, լինելու է բազմապրոֆիլ:

Ուսումնասիրել են շուկան, խնդիրը քննարկել մեքենաների վաճառքով զբաղվորների հետ: Նոր ավտոշուկայի պահանջ այսօր կա՝ վստահեցնում է Արմեն Սիմոնյանը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան, 1lurer.am