Հայաստանի և Ադրբեջանի միջև նախկինում սահմանը դելիմիտացիայի չի ենթարկվել։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ ու քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել։ Իսկ 1991 թվականի ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով այդ սահմանները ճանաչվել են։ «Սահմանը դելիմիտացիայի չի ենթարկվել, խոսքը Ռուսաստանի Գենշտաբի զինվորական քարտեզների մասին է։ Դրանք Սովետական միության որոշած քարտեզներն են։ Այդ քարտեզները 1970 թվականին վավերացրել են Հայաստանի ու Ադրբեջանի ԽՍՀ-ները։ Այդ քարտեզներով սահմաններն այնպես են գծել, որ Հայկական ԽՍՀ տարածքից շուրջ 1500 քառակուսի կիլոմետր տրվել է Ադրբեջանին, գումարած անկլավներ են հատկացվել Ադրբեջանին»,- ասաց Ռուբեն Գալչյանը»
Ըստ մասնագետի՝ 1921-22 թվականներին կազմված քարտեզների բնօրինակը միայն Մոսկվան ունի, և Հայաստանին ու Ադրբեջանին չի տվել դրանց օրինակները։ «Դա անհասկանալի է՝ մի երկրի համար քարտեզ ես գծում, բայց նրան չես տալիս այդ քարտեզի օրինակը»,- հավելեց նա։
Ռուբեն Գալչյանը նաև մանրամասներ հայտնեց, թե ԽՍՀՄ օրոք Հայաստանից ինչ տարածքներ են տրվել Ադրբ․ ԽՍՀ-ին։ «1926 թվականին խորհրդային մեծ հանրագիտարանի մեջ հրատարակվել են Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները։ Հայաստանի այդ քարտեզներում ընդհանրապես անկլավներ գոյություն չունեն, Արծվաշենը Հայաստանինն է, Ալ լճերի տարածքները Հայաստանինն են, Տավուշում և Գորիսի շրջանում՝ դեպի Շուռնուխ, Հայաստանի տարածքն ավելի լայն է»,- նշեց նա։
Քարտեզագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության տողատակերում երկու գործընթաց է երևում։ «Մեկն այն է, որ գնում ենք այդ սահմանների ճանաչմանը։ Մյուս այն է, որ դրանից հետո սկսում ենք նոր սահմանագծումը։ Այդ տարածքները, որոնք խորհրդային շրջանում Հայկական ԽՍՀ-ից վերցվել ու տրվել են Ադրբ ԽՍՀ-ին, մեծամասամբ այն պատրվակով են տրվել, որ Կարմիր Քուրդիստան գավառ էր հիմնվելու, և այնտեղ բնակվելու էին քրդերը։ 1932 թվականին Կարմիր Քուրդիստանը չեղարկվեց, բայց հողերը, որոնք վերցվել էին, հետ չվերադարձվեցին Հայաստանին։ Ինչո՞ւ, այս հարցերը ես բարձրացրել եմ, բայց չգիտեմ՝ բանակցություններում մերոնք խոսում են դրա մասին, թե ոչ։ Մենք հետ ենք գնում Սովետական սահմաններին, որը ճիշտ չէ։ Մենք պետք է ասենք, որ այս-այս պատճառներով են այդ սահմանները ստեղծվել, հետևաբար, դրանք իրավական չեն»,- ասաց մասնագետը։
0Comments