Աշխարհի 26 ամենահարուստ մարդկանց կարողությունը հավասար է 3,8 մլրդ աղքատների ունեցածին. Oxfam

Հետազոտություն՝ համաշխարհային տնտեսական համաժողովին ընդառաջ

Վերջին տասնամյակում աշխարհում միլիարդատերերի թիվը կրկնապատկվել է եւ 2018-ին հասել 2208 մարդու, իսկ նրանց ունեցվածքն ամեն օր ավելացել է  2,5 մլրդ դոլարով:

Նման տվյալներ են նշվում Oxfam միջազգային բարեգործական եւ մարդասիրական կազմակերպության հետազոտությունում, որը պատրաստվել է Դավոսում  համաշխարհային  տնտեսական համաժողովի նախաշեմին, հայտնում է RG-ն:

Ըստ փորձագետների՝ մեկ տարվա ընթացքում միլիարդատերերի բարեկեցության աճը կազմել է 900 մլրդ դոլար:

Այսօրվա դրությամբ այդ խմբի մադկանց ունեցվածքն այս ամբողջ ընթացքում ամենաշատն է: Եւս մեկ փաստ է նշվում. 2017-2018 թվականի ընթացքում աշխարհում ամեն երկու օրը մեկ նոր միլիարդատեր է հայտնվել:

Իր հետազտությունում կազմակերպությունն ուշադրություն է դարձնում անհանգստացնող տվյալների. անցյալ տարվա ընթացքում 3,8 մլրդ ամենաաղքատ մարդկանց ֆինանսական դրությունը բացարձակապես չի փոխվել: Նրանց ընդհանուր ունեցվածքը հավասար է աշխարհի ամենահարուստ 26 մարդկանց կարողությանը:

Մասնագետները օրինակ են բերում: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի ունեցվածքը հասել է 112 մլրդ դոլարի, իսկ այս թվի մեկ տոկոսը հավասար է 105 մլն բնակչություն ունեցող Եթովպիայի առողջապահության ամբողջ բյուջեին:

Նշենք, որ Oxfam-ը ստեղծվել է 1942-ին սովյալներին օգնություն ցուցաբերելու համար: Այսօր դա միջազգային միավորում է, որը իր մեջ ներառում է աշխարհի ավելի քան 90 երկրներում աշխատող 17 կազմակերպություն: Նրանք նպատակը աղքատության եւ դրա հետ կապված անարդարության լուծումն է: