Թուրքիայի արդարադատության նախարարի հրաժարականից հետո կրկին խոսվում է Չավուշօղլուին փոխարինելու մասին

Մանրամասներ
Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հրաժարական է տվել: Նրան փոխարինել է նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Բեքիր Բոզդաղը:

Այս փոփոխությունից հետո ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է լրագրող Ֆեհմի Քորուի hոդվածը, որտեղ պնդում է արվում, թե սպասվում է ևս 4 նախարարի, այդ թվում նաև արտգործնախարարի փոփոխություն: Լուրը հայտնում է  Ermenihaber.am

Ավելի վաղ ընդդիմադիր «Birgün» կայքի սյունակագիր Իբրահիմ Վալին «Չավուշօղլուի վրա խա՞չ է քաշվել» հոդվածում պնդում էր, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը ցանկանում է փոխել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Նույն հոդվածում նշվել էր նաև, որ արտգործնախարար դառնալու հավակնություններ ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը:

Հոդվածի հեղինակը, որպես վերոհիշյալ պնդման հիմնավորում, նշել էր, որ Չավուշօղլուի փոխարեն Քալընին նշանակելով՝ Անկարան Վաշինգտոնին և Բայդենին «նոր շրջան» սկսելու մասին ուղերձ է հղում: Քալընը համարվում է Թուրքիայի իշխանություն արևմտամետ թևի առանցքային ներկայացուցիչներից մեկը: