Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «սարդարապատները»․ 168․am

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

2020թ․ օգոստոսի 28-ին Սարդարապատում հուլիսյան մարտերի մասնակիցներին ՀՀ նախագահի հրամանագրով տրվող շքանշանները, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչմանն արժանացածներին շնորհվող Հայրենիքի շքանշանը, հանձնեց Նիկոլ Փաշինյանը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 27-ից մեկնել էր արձակուրդ, որի մի մասը նախատեսված էր անցկացնել Հայաստանում, մյուսը՝ արտերկրում:

2020թ․ սեպտեմբերին 21-ին Արմեն Սարգսյանն արդեն ՀՀ-ում էր, և Նիկոլ Փաշինյանը կարող էր չշտապել և ՀՀ նախագահի պարտականություններն իր վրա չվերցնել: Բայց գնաց դրան:

Սա ոչ այլ ինչ էր, քան պետական կարևոր՝ նախագահի ինստիտուտի հանդեպ անհարգալից վերաբերմունք, ինչը, ըստ էության, մտածված էր:

Երկրորդ՝ պետք էր ցույց տալ, որ հուլիսյան մարտերի հաղթանակի «կերտողը» նաև ինքն է, որովհետև համացանցում բոլոր շնորհակալությունները հասցեագրվում էին այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովին, որին, իհարկե, այդ օրը հանձնվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:

  

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն էր ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Սրանով, ըստ էության, ևս փորձեց տարբերվել նախկիններից՝ միևնույն շքանշանին արժանացնել մի քանի տասնյակ զինծառայողի:

Բնավ, չնսեմացնելով որևէ սպայի, զինվորի սխրանք, ծառայություն, սակայն, 168.am-ի տեղեկություններով, մարտական գործողություններին, դիրքերի բարելավման, ազատագրման գործողություններին առավելագույնը մասնակցել է 3 տասնյակ մարդ:

Ավելի ուշ նույնիսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել, որ լավ կլինի՝ իշխանությունները հանրությանը բացատրեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»: Ի դեպ, այս փաստը նաև զինվորականության շրջանում էր դժգոհության տեղիք տվել:

Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է 5 դրույթ.

– Հուլիսյան մարտերը ջախջախեցին 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմված միֆը` Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Այսինքն, Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկար է։

– Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ։

– Հայաստանն ի վիճակի է մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովել ռազմական առավելություն։

– Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը:

– Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական մարտավարության հարցերն ինքնուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը։

«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ՝ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»,- 5TV-ին տված հարցազրույցում, մասնավորապես, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ի դեպ, ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր այս միտքը՝ իր՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում:

«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերն անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»:

Սարդարապատի մասին հետո Նիկոլ Փաշինյանը հիշեց պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 3-ին:

«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»,- շեշտել էր Փաշինյանը, երբ պատերազմի առաջին օրը հայտարարել էր, և, ըստ էության զգուշացրել՝ «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»:

Եվ պատերազմի 44 օրերն ընթացան հենց այս ծրագրված պարտության տրամաբանության մեջ, ուստի Սարդարապատի արդյունքը չունեցանք՝ ճակատամարտը չհաղթեցինքք:

Նիկոլ Փաշինյանի սարդարապատները գողացան մեր սարդարապատների հաղթանակները:

Այսօր՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել՝ հիշեցնելով Սարդարապատի խորհուրդը և փորձելով վերականգնել մեր հավատքը երբեմնի սարդարապատների հաղթանակների վերադարձի հանդեպ:

  

 

«Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու,- հիշեցրել է ՀՀ երրորդ նախագահը և հավելել,– Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:

Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը»:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը նշել է, որ Սարդարապատը ՀՀ զինված ուժերի առաքելության վառ վկայությունն է:

«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունը: Այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է, դրա մասին ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին, սպաներին ու զինվորներին»,- շեշտել է ՀՀ երրորդ նախագահը:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հիշում է, երբ բանակում իր դեմ ընդվզում է նկատում, մինչդեռ այս մասին պիտի հիշել, երբ փորձում է բանակին զրկել իր հիմնական առաքելությունից՝ հօգուտ թշնամու, և պարտադրել սեփական քաղաքական օրակարգը, որը ենթադրում է համակերպվել սեփական դիրքերի և ինքնիշխան տարածքների կորստի հետ:

Ժամանակն է՝ բանակը, ժողովուրդը դուրս գա Նիկոլ Փաշինյանի պարտության տանող սարդարապատից: