«Խաղաղության դարաշրջան»՝ Ալիեւի սպառնալիքների ներքո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Միջազգային հանրությունը շարունակում է անտեսել Ադրբեջանի  սպառնալիքներն այնպես, ինչպես վերջին 25 տարիներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց հարցազրույցից հստակ երեւաց պաշտոնական Երեւանի մոտ էլ առկա որոշակի շտապողականությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Գուցե այդ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում գլխավոր դերակատարություն ստանձնած Մոսկվան է բավական շտապում, եւ գրեթե ամենշաբաթյա ռեժիմով խոսում են սահմանազատման ու սահմանագծման գործընթացի, տրանսպորտային ապաշրջափակման մասին:

Նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում թե՛ սահմանազատման ու սահմանագծման, թե՛ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցերում, Բաքվից պարբերաբար փորձում են ուժի դիրքերից հանդես գալ:

Այն բանից հետո, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտնեց, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական եւ նրանց միջնորդությամբ էլ՝ ադրբեջանական կողմին, ու սպասում են արձագանքի, քիչ անց Բաքուն, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մակարդակով, հայտարարեց, որ սահմանազատման վերաբերյալ Երեւանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են: Նա նաեւ շեշտել էր, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարեւոր բաղադրիչ է, եւ Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ եւ առանց նախապայմանների սկսելու օգտին։

Նույնիսկ այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը հանդես է գալիս սահմանագծման ու սահմանազատման իրականացման օգտին՝ Բաքվի համար, փաստորեն, անընդունելի է հայկական կողմի ներկայացրած՝ սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների փաթեթը:

Երեւանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, օրերս էլ նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հավելելով, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, եւ Հայաստանը նույնպես նախատեսում է իր տարածքում սկսել դրա կառուցման աշխատանքները։ Նա կրկին նշել է, թե 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում համագործակցության համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ «Տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվել է շատ խոստումնալից «3+3» հարթակ։ Առաջին հանդիպումն արդեն կայացել է. վստահ եմ, որ այդ հանդիպումները պարբերաբար կանցկացվեն եւ կապահովեն տարածաշրջանի երկրների շահերը», – Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռուստամ Գասիմիի հետ հանդիպմանն ասել է Ալիեւը՝ հույս հայտնելով, որ իրանական ընկերությունները ակտիվորեն կաշխատեն «Ադրբեջանի ազատագրված տարածքներում՝ Ղարաբաղում եւ Արեւելյան Զանգեզուրում»։ Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաեւ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։ «Բարեհաջող կերպով ընթանում է ինչպես ավտոճանապարհային, այնպես էլ երկաթուղային ճանապարհների շինարարությունը: Ե՛վ մայրուղու, ե՛ւ երկաթուղու հաջող շինարարություն կա։ Լավ լուրեր ենք ստանում նաեւ Հայաստանից. Հայաստանը նույնպես նախատեսում է այդ աշխատանքները սկսել իր տարածքում», – հավելել է նա։

Ադրբեջանը դեմ է սահմաններին կայունացմանը, փոխարենը նրանք առաջ են մղում «միջանցքային» պահանջները ու զուգահեռ սպառնում Հայաստանին, որ չփորձենք բանակ հզորացնենք:

Ուղիղ երկու շաբաթ առաջ Ալիեւը Ադրբեջանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց. «Ադրբեջանը ուշի ուշով հետեւում է Հայաստանում բանակաշինությանը՝ թե՛ իրենց, թե՛ գործընկերների ուժով։ Ես բաց ասել եմ՝ եթե մենք նույնիսկ նվազագույն սպառնալիք տեսնենք մեր անվտանգությանը, այդ վտանգն անմիջապես կոչնչացվի։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, որքան խորն է տեղակայված Հայաստանի տարածքում։ Դա պետք է բոլորը հասկանան, առաջին հերթին՝ Հայաստանի ղեկավարությունը», – ասել է Ալիեւը։ Վերջինս, սակայն, չի հստակեցրել, թե Հայաստանի գործընկերներից ում են հատկապես ուղղված այս խոսքերը։ Իսկ փոխարենը՝ Ալիեւը պնդել է, թե Բաքուն կշարունակի ժամանակակից զենք-զինամթերք գնել եւ բարձրացնել բանակի մարտունակությունը։ Որպես բանակի կատարելագործման միջոց՝ Ալիեւը նշել է հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու անհրաժեշտությունը, պնդելով, թե դրանք «լավագույնս են իրենց դրսեւորել» ղարաբաղյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Դե իսկ անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիեւը պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։ «Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երեւի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», – ասել է Ալիեւը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձեւավորվել է 1992-ին, եւ այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ «Երեւի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողնենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձեւավորեն: Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։

ԵԱՀԿ Մինսկի խմբին «թոշակի ուղարկող» Ալիեւը հստակ սպառնաց Երեւանին. Հայաստանը, վերջապես, պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու եթե հանկարծ տեսնեն, որ սպառնալիք կա, «այդ սպառնալիքը տեղում կոչնչացվի»։ Ալիեւն անգամ ակնարկեց, որ Հայաստանում ռեւանշիստական միտումներ են արտահայտվում ոչ միայն նախկինների, այլեւ գործող պետական պաշտոնյաների մոտ։

Միջազգային հանրության աչքում «խաղաղության դարաշրջանի» ջատագով երեւալու միտումն՝ իհարկե, կարեւոր է, բայց հիշեցնենք, որ Հայաստանը մշտապես՝ 1994թ. զինադադարից հետո հանդես է եկել որպես խաղաղության կողմնակից, մինչդեռ Ադրբեջանը՝ չի թաքցրել իր ռեւանշիստական մղումները՝ մշտապես ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին է բարձրաձայնել:

Հետեւաբար, ի՞նչ է փոխվել 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունների ստորագրումից հետո… Պահանջները, նախապայմանները Հայաստանի նկատմամբ շարունակվում են, միջազգային հանրությունը շարունակում է անտեսել Ադրբեջանի սպառնալիքներն այնպես, ինչպես վերջին 25 տարիներին:

Ավելին, միջնորդական դեր ստանձնած գլխավոր «մրցավարը»՝ Ռուսաստանն էլ իր հերթին անուղղակիորեն ճնշումներ է գործադրել Հայաստանի նկատմամբ: Հունվարի 25-ին Երեւան-Մոսկվա հեռակոնֆերանսի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, օրինակ, կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառեր տարբեր տեսակի զինված բախումներն ու փոխհրաձգությունները։

Երբ Արցախում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում, օրը ցերեկով, ադրբեջանական կողմից հայ քաղաքացիական անձինք են սպանվում, իսկ դա ինչո՞վ է բացատրվում… Ու ընդհանրապես, աշխարհի բոլոր անհանգիստ վայրերում բախումներն ու փոխհրաձգությունները տեղի են ունենում այն պատճառով, որ երկրների միջեւ սահմանազատում չի իրականացվե՞լ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ