Թույլ մի տվեք, որ զանազան իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն. Արարատ Միրզոյան

Մանրամասներ
ա

Պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ: Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Խնդրում եմ ընդդիմությունից հետաքրքրվեք, թե ինչպե՞ս է եղել, որ 1990-ականների վերջերից որեւէ տարի գրեթե չի եղել, երբ հայ-թուրքական ուղղությամբ որեւէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի: Այնպես որ այդ հեքիաթները դրեք մի կողմ, ոչ դուք նպաստեք դրան, ոչ էլ թույլ տվեք, որ զանազան իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն: Բավական է ապրել այդ խաբկանքի մեջ: Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, դա մեծ ինքնախաբեության արդյունք է:  Պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել իրար հետ, ոչինչ չթաքցնել: Պետք չի գնալ, բանակցել մի բան, ինչպես եղել է տարիներ շարունակ, հետո գալ տանը զանազան ամբիոններից հայտարարել ուրիշ բան  եւ ուրիշ քարոզչություն առաջ տանել: Ինչ ես բանակցում եմ, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ուղիղ ասում եմ, որեւէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է»:

Հարցին, թե զոհվածների շատ ծնողներ հարցնում են, թե թուրքի հետ ինչպե՞ս կարող ենք խաղաղության դարաշրջան մտնել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կան բամաթիվ հարցեր, որոնք պատասխանները պետք է քննարկվեն եւ տրվեն: Իհարկե, մենք ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որեւէ կերպ պետք չի անցնել, մյուս կողմից մենք առաջին ու վերջին ժողովուրդը չենք, ցավոք սրտի, մոլորակի վրա, որ հարեւան պետության հետ ունեցել է շատ երկար հակամարտություն: Մենք տրամադրված ենք տարածաշրջանում կայուն, երկարատեւ խաղաղություն կառուցելու:

Ողջ հարգանքով հանդերձ զոհվածների ծնողներին, մշտապես հիշելով եւ պատվելով զոհվածների հիշտակը, մտածելով զոհվածների ծնողների, հարազատների նուրբ զգացմունքների մասին, միաժամանակ պարտավորություն պիտի զգանք նույն այդ զոհվածների հիշատակի համար, որովհետեւ նրանք զոհվել են կյանքի համար, հայրենիքի համար, զոհվել են, որ մյուսներն ապրեն: Որքան հիշենք ու հարգենք նրանց հիշատակը, այնուամենայնիվ պարտավարություն ունենք հոգ տանել նաեւ ողջերի մասին»: