«Պայմանավորված կերպով մեր հայրենիքը հանձնել են». Արցախից տեղահանվածները նամակ փոխանցեցին ԱԳ նախարարին

Իրավիճակ
ա

ՀՀ կառավարությունից մենք միայն պահանջում ենք, որ վերահսկեն ֆինանսավորումները, վարչապետը այսօր ահռելի գումարների մասին է խոսում, էլ չեմ ասում համահայկական հիմնադրամից, տարբեր կազմակերպություններից, Կարմիր խաչից եկող ահռելի գումարները, բայց արդյունք չկա։ Այս մասին Արցախից տեղահանվածների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։

Վերջինս նշեց, որ Արցախում մնալու հնարավորություն չկա, քանի որ բնակվելու տեղ խնդիր կա։ «Հայ իրականության մեջ այս անտարբերությունը ինձ շատ է զայրացնում, հասարակության մի մասը ասում է` դե գնացեք հետ, այդ ասողները հենց հանձնել են հողերը, եթե Շուշին ու Հադրութը վերցրել են, մենք ո՞նց հետ գնանք, թե ով է հանձնել, դուք ինձանից լավ գիտեք։ Մենք երկու քաղաքական պահանջ ունենք, առաջինը՝ մեզ փախստականի կարգավիճակի տրամադրումն է։ Ժողովրդին խաբել են, տարել լցրել Արցախ, առանց փախստականի կարգավիճակ տալու, որը հանցագործություն է։ Եթե մարդկանց փախստականի կարգավիճակ չես տվել, ինչպե՞ս ես տարել լցրել մի երկիր, հետո էլ ասում ես, որ դա Ադրբեջան է։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր հանցավոր անտարբերությունը, 30 տարի չճանաչեց Արցախի անկախությունը, հիմա էլ շարունակում է չճանաչել փախստականի կարգավիճակը, ստացվում է՝ հայը իր երկրում չի զգում, որ ինքը հայ է։ Մի անգամ փախստականի կարգավիճակի հարցով հանդիպում է եղել է ՄԱԿ-ի գրասենյակում, մարդիկ մեզ կտրուկ պատասխանել են` եթե ձեր կառավարությունը չի ճանաչում այդ կարգավիճակը, մենք ինչպես ճանաչենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Արցախից տեղահանվածները քայլերթով շարժվեցին Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ նամակ հանձնելու նախարար Արարատ Միրզոյանին` Արցախից տեղահանվածներին փախստականի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Նախարարությունից բողոքի ակցիայի մասնակիցներին փոխանցեցին, որ  արտգործնախարարը Հայաստանում չէ, իսկ նախարարության աշխատակիցները քովիդով պայմանավորված աշխատում են տնից։

«Կես ժամվա ընթացքում մեզ կասեն ընդունելու են, թե չէ, եթե այսօր չընդունեն, առաջիկայում մի քանի հոգու կընդունեն։ Դուք տեսնում եք, որ մենք բոլորս վատ վիճակում ենք, պաշտոնյաները իրենք պետք է նախաձեռնություն ցուցաբերեն այդ հարցերը լուծելու համար։ Մեր բողոքները պետք է դարձնենք շուրջօրյա, որովհետև չի կարելի լռել։ Մենք իրավունք ունենք պահանջելու մեր հայրենիքը և մեր հայրենիքում քաղաքակիրթ ապրուստի միջոցներ ունենալու։ Արտգործնախարարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ ներկայացնելու ենք մեր պահանջները. Առաջինը Արցախի վերադարձն է և 1994-ի սահմանների ճանաչումը, մենք պետք է վերադարձնենք Հադրութը, Շուշին, Քաշաթաղը, և մեր սերունդները այնտեղ պետք է ապրեն։ Պայմանավորված կերպով մեր հայրենիքը հանձնել են, հիմա նույն պայմանավորվածությամբ թող հետ բերեն, եթե չէ, ապա ժողովուրդը պետք է պատրաստ լինի էքստրեմալ միջոցների։ Սյունիքում զորքին ասում են չկռվեն, որ հետո ասեն հնարավոր չէր պահելը։ Մեր մյուս պահանջը փախստականի կարգավիճակի տրամադրումն է, եթե այդ հարցը օրենսդրությամբ հնարավոր չի լուծել, ուրեմն թող դրան քաղաքական լուծում տան»,- ասաց Արցախից տեղահանված բնակիչներից մեկը։