Գիտեք ինչ կա, ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով արտահայտվելը միայն ու միայն հարվածում է ընդդիմությանը․ Սիսակ Գաբրիելյան

Մանրամասներ

1

«Ռուբեն Հակոբյանի կողմից արվածը ոչ թե դիտավորյալ որեւէ գործողություն էր, այլ իր կենսակերպը, գործելաոճը, առօրյան, վարվեցողությունն ուղիղ եթերում ցուցադրելու հերթական օրինակն էր»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբեն Հակոբյանի թեկնածության հարցը։ Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ էին հնչել: Այնուհետեւ Ռուբեն Հակոբյանը հանել էր իր թեկնածությունը: Նիստն ավարտվել էր:

Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նաեւ նշեց, որ նախորդ երկու նիստերի ընթացքում էլ եղել էին կոնֆլիկտային իրավիճակներ, բայց նիստերը հետաձգում էին՝ փորձելով հանդարտեցնել կրքերը, իսկ այսօր իր հորդորներից հետո եզրափակիչ ելույթի ընթացքում Ռուբեն Հակոբյանը շարունակել է վիրավորանքներ հնչեցնել։

«Այլ բան չէր մնում անել, քան ընդհատել: Հանձնաժողովի բոլոր անդամների համար, վստահ կարող եմ ասել՝ նաև ընդդիմադիր պատգամավորների համար, միանշանակ անընդունելի էր այս թեկնածուի բառապաշարը և վարվեցողությունը»,- ասաց նա ու հավելեց, որ միջադեպի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորները որևէ կերպ չէին հակադարձում իշխող ուժի պատգամավորների՝ Ռուբեն Հակոբյանին վերաբերյալ ձևակերպումներին:

«Ինձ մոտ տպավորություն էր, որ իրենք նույնպես ներքուստ համաձայն են, որ հերթական անգամ, եթե փորձեմ մեղմ արտահայտվել, առնվազն հարված է հասցնում իրենց ունեցած փոքր հեղինակությանը։ Փոքր վատ իմաստով չեմ ասում՝ հաշվի առնելով ԱԺ-ի հարաբերակցությունը։ Սա լավ առիթ կլինի ընդդիմության համար, որպեսզի իրենք հասկանան, որ խոսելով ԱԺ-ի դերի, այս ինստիտուտի կայացման մասին՝ պետք է մտածեն՝ ում են բերում, թեկնածու առաջադրում սահմանադրական մարմնում։ Գիտեք ինչ կա, ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով արտահայտվելը միայն ու միայն հարվածում է ընդդիմությանը»,- եզրափակեց նա: