2021 թվականին ունեցել ենք 47.7 տոկոս ամուսնությունների աճ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հիմնականում արյան շրջանառության համակարգի հիվանդության, կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով Հայաստանը ժողովրդագրական առումով որոշակի նվազում է արձանագրել: 2021 թվականին ժողովրդագրական գործընթացների վրա ազդող բացասական հիմնական գործոններից մեկը մահացության թվաքանակի աճն է եղել. 2019 թվականի համեմատ մահերի թիվը մեր երկրում 33 տոկոսով ավելին է եղել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ նկատելով՝ եթե 2019-ին գրանցվել է 26 հազար 186 մահ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշը եղել է 31 հազար 713: Ժողովրդագրագետն օբյեկտիվ պատճառներից ելնելով (44-օրյա պատերազմ)՝ համեմատականն անցկացրեց ոչ թե 2020 եւ 2021 թվականների միջեւ, այլ 2021 եւ 2019 թվականների:

Ըստ նրա՝ 2021 թվականը բավականին լավ էինք սկսել՝ առաջին եռամսյակում գրանցելով ծնելիության մինչեւ 9 տոկոս աճ: Սակայն հուլիսից այդ աճը գնալով նվազել է. «Այս ամենը եւս կապվում է նախորդած տարում՝ 2020 թվականին, տեղի ունեցած իրադարձությունների հետ»:

Ժողովրդագրագետի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի հետեւանքով 2021 թվականին գրանցվել է մահերի 16 տոկոսը, սակայն վերարտադրողական տարիքի անձանց մտադրությունների վրա փաստացի բացասական ազդեցություն չի էլ ունեցել: Մարդիկ չեն հրաժարվել ո՛չ ամուսնանալուց, ո՛չ երեխա պլանավորելուց: Կորոնավիրուսը հարսանիքների հետաձգման գործում է որոշակի դեր խաղացել:

Նրա համոզմամբ՝ եթե 2020 թվականի հետաձգված ամուսնությունները չտեղափոխվեին 2021 թվական, ապա նախորդ տարի մենք կունենայինք ամուսնությունների թվաքանակի նվազում, մինչդեռ ունեցել ենք 47.7 տոկոս աճ:

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ ամուսնական տարիք պիտի մուտք գործեր 90-ականների երկրորդ կեսի սերունդը, այսինքն, եթե նայենք 1993-2002 թվականներին ծնվածների թիվը, ապա, ցավոք, 40 տոկոսով քիչ էր 1983-1992 թվականներին ծնվածների: Բացի պատերազմով պայմանավորված մահերից, այդ թվականին ծնվածներից շատերը բացակայում են երկրից»,- մանրամասնեց մասնագետը:

Մարկոսյանը նշեց, որ ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված պետական քաղաքականությունը որոշակի դրական փոփոխության է բերել, այն է՝ 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդի դեպքում պետության կողմից տրվող աջակցությունը: «Աճի կարեւոր գործոնը ընտանիքներում 3-րդ և 4-րդ երեխայի ծննդի խթանումն է, բայց դրա մասին պետք է խոսել մի քանի տարի հետո, որպեսզի հաստատվի 50 հազար դրամների ազդեցությունը 3-րդ եւ հաջորդ երեխաների կարգաթվի աճի վրա»,- շեշտեց նա:

Անդրադառնալով 2020 թվականի ծնելիության եւ մահացության տվյալներին՝ մասնագետը նկատեց՝ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին գրանցված մահերից հետո մենք ամենամեծ թվով մահերի ցուցանշին ունեցել ենք 2020 թվականին: Նա նաև նշեց, որ այդ տարվա մահերի ցուցանիշը եւս մեկ անգամ վերանայվելու է. «Ներկայիս հայտնաբերվող աճյունները, մեր զինվորների մահերը եւս կկցվեն 2020 թվականի տվյալներին»:

«Սրանք այն մահերն են, այն ցուցանիշները, որ բնականոն կյանքի պայմաններում չպիտի լինեին, բայց, ցավոք սրտի, պատերազմն ու կորոնավիրուսը նման արդյունք են տվել»,- ասաց Արտակ Մարկոսյանը:

Սկզբնաղբյուր