Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրվել են հակահայկական նախապայմաններ. Հայ-թուրքական բանակցությունների գաղտնի մանրամասները

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։

◾️ Հունվարի 20-ին թուրքական իշխանության խոսափող համարվող Sabah թերթի անգլալեզու տարբերակը (Daily Sabah), հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնեց, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները երրորդ երկրում անցկացվելու փոխարեն պետք է անցկացվեն երկու երկրներից մեկում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երևանում կամ Անկարայում՝ հաշվի առնելով, որ առաջին հանդիպումը Երևանի պահանջով տեղի է ունեցել Մոսկվայում»։

◾️ Հունվարի 25-ին, հեղինակավոր Hürriyet թերթը, հղում կատարելով արտաքին քաղաքականության հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մոտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թերթը նաև հայտնում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի ուղղությամբ. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա նաև Թուրքիայի տարբեր նահանգների ուղղությամբ Հայաստանից չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»:

Առաջին նորությունը տեղավորվում է աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարավորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու և Հվ. Կովկասը Թուրքիայի լիարժեք ազդեցության գոտու վերածելու նպատակով։

Երկրորդ նորության մանրամասները առավելապես վերաբերում են հայ-թուրքական երկկողմ հարթությանը։ Դժվար չէ կռահել, որ նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը և «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չեզոքացնել հայկական քաղաքական գործոնը Արցախի և տարածաշրջանի այլ հարցերում։ Կարելի է ենթադրել նաև, որ առաջիկայում մենք կտեսնենք հայ-թուրքական «բարեկամությունը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի և ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։ Անհրաժեշտ է հիշեցնել նաև, որ այդպիսի ձեռնարկները հնարավորություն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրվել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ դե ֆակտո իշխանությունները։

Վարուժան Գեղամյան

պ.գ.թ., թյուրքագետ