Եթե Ռուսաստանը գնա այս ճանապարհով, ռուս մայրերի շատ որդիներ տուն չեն վերադառնա. Մեծ Բրիտանիայի վարչապետը դիմել է Պուտինին

Մանրամասներ

1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի ֆոնին և զգուշացրել է հետևանքների մասին։ Նրա ելույթը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։

Ջոնսոնը նշել է, որ մեծ և հզոր Ռուսաստանը զորքեր և տանկեր է կուտակում հարևանի սահմանին՝ ներխուժման ակնհայտ սպառնալիքով, ուստի ուկրաինացիներն ունեն բոլոր բարոյական և օրինական իրավունքները՝ պաշտպանելու իրենց երկիրը: Ըստ Ջոնսոնի՝ նրանց դիմադրությունը կլինի համառ, իսկ արյունահեղությունը համեմատելի կլինի Չեչնիայի կամ Բոսնիայի առաջին պատերազմի հետ, կամ ցանկացած այլ հակամարտության, որը Եվրոպան տեսել է 1945 թվականից ի վեր:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ ոչ ոք չի շահի նման աղետից։

«Ամիսներ շարունակ Բրիտանիան աշխատել է Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների հետ ամբողջ Եվրոպայում՝ նման աղետից խուսափելու համար:Մենք ձգտել ենք համատեղել երկխոսությունը զսպման հետ՝ ընդգծելով, թե ինչպես Արևմտյան միացյալ դաշինքը արգելող գին կպահանջի Ռուսաստանի ցանկացած ներխուժման համար Ուկրաինա, այդ թվում՝ ծանր տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ, և միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք, ինչպես միշտ, ազնիվ դիվանագիտության միջոցով լուծել Ռուսաստանի ցանկացած օրինական մտահոգություն:

Դեկտեմբերի 13-ին ես խոսել եմ նախագահ Պուտինի հետ և ասել, որ հարևանի վրա ցանկացած հարձակման կհետևեն Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ, Ուկրաինային պաշտպանելու հետագա քայլեր և ՆԱՏՕ-ի ներկայությունը՝ արևելյան մեր դաշնակիցներին պաշտպանելու համար: Ճշմարտությունն այն է, որ եթե Ռուսաստանի նպատակը ՆԱՏՕ-ի ուժերին հեռու պահելն է իր սահմաններից, ապա Ուկրաինա ներխուժելն ավելի հակաարդյունավետ լինի:Բայց եթե նախագահ Պուտինը ընտրի արյունահեղության և կործանման ուղին, նա պետք է գիտակցի, որ դա կլինի և՛ ողբերգական, և՛ ապարդյուն, և մենք չպետք է թույլ տանք նրան հավատալ, որ նա հեշտությամբ կարող է Ուկրաինայի մի փոքր հատվածը վերցնել, քանի որ դիմադրությունը կատաղի կլինի: Եվ եթե Ռուսաստանը գնա այս ճանապարհով, ռուս մայրերի շատ որդիներ տուն չեն վերադառնա», - ասել է Ջոնսոնը: