«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ապագայի, ընտանիքի, զինվորի, ընկերության, երջանկության բանաձեւի, թիկունքից հարվածողների եւ «Իրավունքի» մի շարք այլ բլից հարցերին պատասխանել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
– Պարոն Բաբայան, հայրենիքն ի՞նչ է Ձեզ համար:
– Մոր նման անփոխարինելի:
– Արցա՞խը՝ Ձեզ համար:
– Իմ ծննդավայրը, իմ հայրենիքը:
– Զինվո՞րը:
-Զինվորը երկրի պաշտպանն ու երկիրը պահող պատվարը:
-Ընտանի՞քը՝ Ձեզ համար:
-Սրբության նման մի բան:
-Իսկ ընկե՞րը:
-Թիկունք, վստահություն:
-Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը:
-Շատ անկեղծ, մաքուր մարդիկ, եզակի մարդիկ:
-Եթե մեկ բառով բնորոշեք ինքնեդ Ձեզ:
-Չեմ կարող:
-Ի՞նչը երբեք չեք ների:
-Սուտը, թիկունքից հարվածը:
–Մի բան, որի համար շատ եք ափսոսում:
–Անկեղծ ասած, չկա մի բան, որի համար ափսոսում եմ:
–Հաճա՞խ եք արտասվում:
–Ընդհանրապես չեմ արտասվում:
–Երջանկության Ձեր բանաձեւը:
–Շիտակությունը, սկզբունքայնությունը:
–Ո՞վ է այն մարդը, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:
–Չկա նման մարդ:
–Ո՞ւմ եք դիմում, երբ հուսահատ եք:
–Ինքս եմ միշտ փորձում ամենահուսահատ վիճակից ելք գտնել, ու հավատացեք, ստացվում է:
–Միշտ վախեցել եք…
–Դավաճանությունից, չհասկացված լինելուց, ճիշտ չընկալվելուց:
–Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
–Իմ ընտանիքը, ժամանակին Արցախի ազատագրմանը հասնելը: Այսօր, ցավոք, մենք խնդիր ունենք Արցախի անկախությունը ապահովագրելու:
–Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի աթոռին, ի՞նչ կանեիք:
–Չեմ մտածել:
–Հավատո՞ւմ եք, որ թեեւակոխելու ենք «խաղաղության դարաշրջան»:
–Գիտեք, անկեղծ ասած, ես այդ բառը չեմ ընդունում: Ես հավատում եմ, որ մենք ունակ ենք, կարող ենք Արցախի անկախությանը հասնել, եւ որ Հայաստանը այլեւս չծառայի, որպես բուֆերային գոտի: Ես հավատում եմ դրան եւ արել եմ հնարավորն ու անհնարը՝ այդ խնդրի լուծումները ակնհայտ դարձնելու համար:
– Եվ վերջում…
Ուզում եմ, որ առաջնորդվենք ոչ թե կեղծ, այլ ռեալ օրակարգերով: Որպեսզի պետական այրերը կարողանան իրենց ռազմավարությունը ծառայեցնել հանուն հայրենիքի, ազգի ու ժողովրդի: Ես վստահ եմ, որ Արցախի անկախության լուծումը գտնելու ենք շատ կարճ ժամանակահատվածում»:
0Comments