Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին

Մանրամասներ

1

Մեր ռազմավարության կարեւոր ուղղություններից մեկը ռազմադյունաբերությունն է, որը մեր երկրի անվտանգության ապահովման հենասյուն է. Պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ունեցած ասուլիսում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Պատերազմի ժամանակ, մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, որով մենք պետք է հաղթեինք։ Եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին»,- նշեց Հայկ Չոբանյանը։

Նոր պատերազմում հաղթելու համար, Չոբանյանի համոզմամբ, Հայաստանին անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ։ Այդ նպատակով ԱՏՁՄ–ն նախաձեռնել է տեխնոլոգիական ներուժի նոր մոբիլիզացիոն գործընթաց։

Ինչ վերաբերում է ոլորտի զարգացմանը, որպես դրան խոչընդոտող հիմնական գործոն ԱՏՁՄ ներկայացուցիչները նշում են մասնագիտական ներուժի պակասը։ Փոխարենը վերջին տարիներին բարելավվել է ոլորտի ֆինանսավորումը։

«Այսօր մենք պետք է դիրքավորվենք որպես գլոբալ մտածող ոլորտ և դուրս գանք ՀՀ սահմաններից։ Այո, վերջին տարիներին մեծ աշխատանք է արվել ձեռնարկությունների կողմից, բայց ռազմավարական առումով մենք ավելի կենտրոնացած ենք եղել Հայաստանի վրա և չենք մտածել Հայաստանից դուրս գործունեություն ծավալելու մասին»,– ասաց Չոբանյանը։

Նա նշեց, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում արտադրված տեխնոլոգիաներն այսօր կարող են ներկայացվել աշխարհին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Րաֆֆի Քասսարջյանին: