Նոր ընտրություններով Փաշինյանը ժամանակ կձգի՝ փակելով բանակցությունների պատուհանը

Մանրամասներ

1

Կարծում եմ, որ ՀՀ նախագահի հրաժարականը միտված է սահմանադրական փոփոխություններ իրականացմանը եւ վերադարձին կառավարման կիսանախագահական ձեւին։ Իշխանությունն այս ճանապարհով է գնում։ Այս մասին հունվարի 24-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ նրա՝ Արմեն Սարգսյանին կա՛մ ակնարկել են, որ պետք է հեռանա, կա՛մ, որպես փորձառու քաղաքական գործիչ, ինքն է հասկացել ու հնարավորություն ստացել բարձրաձայն շրխկացնել դուռը:

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այս բոլոր գործընթացների վերջնական նպատակը Փաշինյանի՝ իր իշխանության երկարաձգման հնարավորությունն օրինականացնելու փորձն է՝ նվազեցնելով խորհրդարանական մեծամասնությունից կախվածության աստիճանը, քանի որ կիսանախագահական կառավարման ձեւը միշտ թույլ է տվել նախագահին ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվությունը դնել վարչապետի վրա:

«Այս համակարգին վերադառնալը նրան լուրջ հնարավորություններ է տալիս ուժեղացնելու իշխանության ուղղահայացը։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու որոշումը կայացնելուց հետո, եւ եթե այս գործընթացը բարեհաջող ավարտվի, մի քանի ամսից նախագահական ընտրություններ կնշանակվեն։

Փաշինյանը կարծում է, որ նոր ընտրական շրջան է սկսվում: Դա կարող է փրկօղակ դառնալ նրա համար: Երկրի արտաքին քաղաքականության մեջ այս գործընթացը թույլ կտա ժամանակ ձգել՝ փակելով բանակցությունների պատուհանը։ Իսկ երկրի ներսում ներքին «թշնամիների», «սեւերի» դեմ իրենց ընտրազանգվածը համախմբելու հնարավորություն է ստեղծվում՝ փորձելով քաղաքական նոր օրակարգ ձեւավորել եւ ինչ-որ բանի հասնել։ Դա նրա մոտ ամենալավն է ստացվում»,- ասաց Հակոբյանը։
  
Փորձագետը չբացառեց, որ սահմանադրական փոփոխություններից եւ ընտրական գործընթացների մեկնարկից հետո նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել ոչ թե Փաշինյանը, այլ մեկ այլ թեկնածու։

«Ամեն ինչ կախված կլինի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակից։ Ընտրություններին պետք է հանրաքվե նախորդի, որը շատ բան ցույց կտա։
Պետք է հասկանալ, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո, գտնվում է արտաքին վերահսկողության տակ, եւ ամեն ինչ չէ, որ նա է որոշում։ Սա բնորոշ է արտաքին վերահսկողության տակ գտնվող երկրներին»,- հավելեց նա։

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը նման պայմաններում նույնպես լավ հնարավորություններ է ստանում համախմբելու իր ընտրազանգվածը, ակտիվացնելու օրակարգը, ներդաշնակեցնելու այն թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում։

«Ցանկացած ընտրական գործընթաց ընդդիմությանը լավ հնարավորություն է տալիս նոր օրակարգ առաջ քաշելու, փողոցում նոր իրավիճակ ստեղծելու եւ ընտրական գործընթացների ընթացքում իր դերակատարությունն ուժեղացնելու համար»,- պարզաբանեց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանին ավելի հարմար է կիսանախագահական կառավարման ձեւը, քանի որ մենք քաղաքական համակարգ չենք ձեւավորել, այն արհեստական ​​դրդապատճառների ազդեցությամբ  չի ձեւավորվում:

«Արմեն Սարգսյանի հրաժարականը ցույց է տալիս Հայաստանի քաղաքական համակարգի խոցելիությունը։ Այդ մասին են վկայում նաեւ ՏԻՄ ընտրությունները, որտեղ քաղաքական բրենդների տակ կրկին հանդես եկան տեղի հեղինակությունները։ Առավելությունն ակնհայտ է նաեւ՝ հաշվի առնելով, որ երկիրը մշտական ​​պատերազմի մեջ է, իսկ նախագահական կառավարման ձեւն կայուն եւ կենտրոնացված կառավարում է ապահովում։ Ճգնաժամային շրջաններում այն բազմիցս ցույց է տվել իր առավելությունները։ Բայց չի կարելի բացարձակացնել որեւէ համակարգ, ինչի վկայությունն են տարբեր երկրների օրինակները»,- եզրափակեց քաղտեխնոլոգը: