Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին

Մանրամասներ

ա

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Թուրքիայի ղեկավարի գրասենյակին հղումով։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Մինչդեռ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Անկարան շարունակում է ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան նախատեսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մշակված «3+3» հարթակի շրջանակում ևս մեկ հանդիպում Թուրքիայում անցկացնել»,- ասվում է հաղորդագրությունում։