Դավիթ Տոնոյանի տպավորությամբ՝ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան երկրում

Մանրամասներ

ա

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր դատարանում հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան պետությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ դատական նիստին Դավիթ Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իր համար որոշակի առումով հասկանալի էր քննության սկզբնական փուլում իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումը՝ հաշվի առնելով, որ փորձաքննություն է նշանակված, դրա արդյունքներից հետագայում պարզ կլիներ՝ գործը հիմնավոր է, թե ոչ, հետագայում կշարունակի մնալ կալանքի տակ, թե՝ ոչ։ Իսկ այն բանից հետո, երբ փորձաքննությունները թողնվեցին անկատար, իր համար արդեն անհասկանալի է, թե ինչու է գտնվում կալանքի տակ, ավելին, ՝ այդ պահից սկսած իր ընկալմամբ կալանքը կրում է պատժի տարրեր։ Ավելին, Տոնոյանը հայտարարել է, որ իր մոտ տպավորություն է, որ ինքը ոչ թե իր երկրում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան երկրում։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննությունն իրականացվում է դռնփակ ռեժիմով, ինչին դեմ է պաշտպանության կողմը։ Երեկ ընթացող դատական նիստի ընթացքում Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ իր բարի համբավի խնդիրը կա և այս դատաքննությունը դռնբաց դատական նիստերով անցկացնելու նպատակներից մեկը հենց այն է, որ հանրության աչքի առաջ ընթանար ամեն ինչ և տեսնեին, թե իրականում քրեական գործում ինչպիսի նյութեր են առկա և այդ համատեքստում ինչպես է առաջադրվել մեղադրանքը և ինչպես են շարունակական կալանքի տակ պահում իրեն՝ մինչև օրս։