Մենք Ռուսաստանին առաջարկել ենք հստակ ընտրություն կատարել․ ԱՄՆ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Նախագահ Բայդենն ավարտում է իր պաշտոնավարման առաջին տարին Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պայմաններում: Նախագահն ու պետքարտուղարը նախազգուշացնում են ռուսական կողմին դիվանագիտական լուծումներ գտնելու անհրաժեշտության և հարևան Ուկրաինա չներխուժելու մասին, գրում է Ամերիկայի ձայնը։

Միացյալ Նահանգների նախագահը իր պաշտոնավարման առաջին տարվա վերաբերյալ իր ելույթում անդրադարձել է Ռուսաստանին, ուր ընդգծել է, որ Մոսկվան պատասխանատվության կենթարկվի, եթե ներխուժի Ուկրաինա: Բայդենը շեշտում է՝ ներխուժումը կունենա աղետալի հետևանքներ Ռուսաստանի ու երկրի տնտեսության համար:

Շաբաթներ շարունակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տասնյակ հազարավոր զորքեր է կուտակել ուկրաինական սահմանի երկայնքով, ինչը Ուկրաինան և ԱՄՆ-ն որակում են որպես ակնհայտ սպառնալիք:

Երկու նախագահները դեկտեմբերին երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել, իսկ անցյալ շաբաթ դիվանագիտական թիմերը հանդիպել են եվրոպական երեք մայրաքաղաքներում՝ փորձելով լիցքաթափել իրավիճակը:

«Ամերիկայի Ձայն»-ը Կիևում զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի հետ, որտեղ նա այս շաբաթ հանդիպել է Ուկրաինայի ղեկավարության հետ՝ ի նշան աջակցության:

«Մենք Ռուսաստանին առաջարկել ենք հստակ ընտրություն կատարել երկխոսության և դիվանագիտության, կամ առճակատման և հետևանքների միջև։ Մենք ներգրավված ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական ինտենսիվ երկխոսության մեջ, հույս ունեմ, որ Ռուսաստանը գնալու է դիվանագիտական ճանապարհով։ Դա ակնհայտորեն նախընտրելի է»,- նշել է Բլինքենը:

ԱՄՆ Կոնգրեսում Բայդենի քննադատներն ասում են, որ նա պետք է հաստատակամ լինի Պուտինի հետ երկխոսության հարցում:

«Այժմ ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի ներխուժումը կասեցնելու վրա՝ առանց անդրադառնալու, թե ինչ կլինի հետո։ Այն, ինչ տեղի կունենա հետո, դեռևս դժվար է կանխատեսել: Ռուսները ներխուժելու դեպքում շատ լավ առաջին օր կունենան, սակայն դրանից հետո իրավիճակը շատ է բարդանալու։ Երկիր օկուպացնելը շատ դժվար է: Դա թանկ գին ունի, թե՛ զոհերի, և թե՛ նյութական տեսանկյունից: Նախագահն ասել է, որ մատնանշել է դա նախագահ Պուտինին, և դա մի բան է, որը պետք է ընդգծել»,- ասում է հանրապետական սենատոր Ջեյմս Ռիշը:

Օսթինում Թեքսասի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջերեմի Սուրին ասում է, որ Բայդենը դասեր է քաղել Սառը պատերազմից, Ռուսաստանի հետ շփման հարցում:

«Կարծում եմ՝ կարևոր է, որ նա համոզվի, որ Վլադիմիր Պուտինը չի թերագնահատում Միացյալ Նահանգների վճռականությունը: Բայց նա նաև ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները սահմանափակ նպատակներ ունի: Մեր նպատակը ոչ թե Ուկրաինայի շուտափույթ անդամակցությունն է ՆԱՏՕ, այլ մենք թույլ չենք տա արտաքին ուժերին թելադրել ՆԱՏՕ-ի ապագան։ Այնպես որ, կարծում եմ, որ այդ հստակ գծերի առկայությունը կարևոր է»,- նշում է Ջերեմի Սուրին Skype հարթակի միջոցով։

Դիվանագիտական երկխոսության հերթական փուլը նախատեսվում է անցկացնել ուրբաթ օրը, երբ պետքարտուղար Բլինքենը հանդիպում կունենա է իր ռուս գործընկերոջ հետ: Միևնույն ժամանակ, Բայդենն ակնարկում է, որ գնդակը ռուսական կողմի դաշտում է, և Պուտինը պետք է որոշի իր հաջորդ քայլը, որին հետևում և սպասում է Ուկրաինան: