էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները» չեն փոխվել

Վարդան Ոսկանյան․ Մանրամասներ

1

Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրնագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր նույն վարչախմբի արտգործնախարարը պնդում է, թե «Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է» և որպես ձեռքբերում անդրադառնում է Երևան-Ստամբուլ չվերթներին։

Այս համատեքստում չափազանց կարևոր է հասկանալ, արդյոք Էրդողանական վարչախումբը հրաժարվե՞լ է նշված ոճրագործի և մյուս ցեղասպան հանցագործների հերոսացումից, թե՞ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Էնվերի «լուսավոր գործի» շարունակություն, բայց արդեն նաև փափուկ ուժի մեխանիզմների կիրառությամբ։

Կարծում եմ՝ մեծ պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները», ցավոք, չեն փոխվել, փոխվել կամ, ավելի ճիշտ, հարստացվել է միայն այդ նպատակներին հասնելու գործիքակազմը»։